Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:00 24-07-2026

«Խուլիգանության» հոդվածը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի․ Արսեն Բաբայան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Եթե մեկին նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվում, իսկ մյուսին՝ ոչ, ապա դա քաղաքական հետապնդում է»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին, որի առթիվ Քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն հայտնել էր, իսկ Քննչական կոմիտեն հաստատել էր, որ Արարատի մարզում իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ավելի վաղ համացանցում լայն տարածում էր ստացել տեսանյութ, որտեղ բլոգերը սպառնում էր Արցախը հանձնած իշխանություններին քննադատող քաղաքացուն։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ վերջին շրջանում իրավապահ մարմինները փորձում են «խուլիգանություն» հոդվածը կիրառել այնպես, ինչպես խորհրդային տարիներին էր կիրառվում՝ այն դարձնելով ցանկացած անցանկալի անձի նկատմամբ քրեական հետապնդման միջոց։

«Ցավով պետք է արձանագրեմ, որ իրավապահ մարմինները փորձում են «խուլիգանություն» հոդվածը վերադարձնել խորհրդային ժամանակների կիրառությանը։ Եթե որևէ անձի նկատմամբ այլ հոդված չեն գտնում, փորձում են օգտագործել հենց այս հոդվածը»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ նույնատիպ վարքագծի դեպքում տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր իրավական մոտեցումը վկայում է խտրական վերաբերմունքի մասին։

«Եթե նույն գործողության համար մեկ անձի մեղադրանք է ներկայացվում, իսկ մյուսին՝ ոչ, ապա խոսքը քաղաքական հետապնդման մասին է։ Դա պարտադիր չէ վերաբերի միայն քաղաքական գործիչներին։ Եթե իրավական տարբեր մոտեցումը պայմանավորված է մարդու քաղաքական դիրքորոշմամբ կամ արտահայտած կարծիքով, ապա արդեն գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»,- ընդգծեց Բաբայանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նույն հոդվածով պատասխանատվության չի ենթարկվում իշխանամետ բլոգեր Արամ Ավետիսյանը, փաստաբանը նշեց, որ պատճառը քաղաքական հովանավորչությունն է։

«Այդ բլոգերը իշխանության հասցեին երբեք քննադատություն չի հնչեցնում, հակառակը՝ պաշտպանում է իշխանությանը։ Հենց սա է պատճառը, որ նրա գործողությունները չեն դառնում քրեական հետապնդման առարկա, մինչդեռ իշխանություններին քննադատող անձանց նկատմամբ անմիջապես գործեր են հարուցվում»,- ասաց նա։

Բաբայանը նաև հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները՝ նշելով, որ իշխանությունն այլևս չի թաքցնում քաղաքական հետապնդումների իր քաղաքականությունը։

«Այսօր քաղաքական իշխանությունն արդեն բացահայտ հայտարարում է, որ պատրաստվում է քաղաքական հալածանքի ենթարկել իրեն քննադատողներին, իսկ հետո նույնը նաև իրականացնում է։ Սա, իմ գնահատմամբ, շատ վտանգավոր միտում է»,- եզրափակեց փաստաբան Արսեն Բաբայանը։



Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը