Սպորտ 2 ամիս առաջ - 09:23 19-07-2026

Անգլիան 10 գոլանոց խելահեղ խաղում խլեց ԱԱ-2026-ի բրոնզը Ֆրանսիայի ձեռքից

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։

Գոլառատ և աներևակայելի դրամատիկ խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։

Խաղի հենց մեկնարկից անգլիացիները տիրեցին նախաձեռնությանը՝ խաղակեսն ավարտելով տպավորիչ՝ 4:0 հաշվով։ Արդեն 3-րդ րոպեին Դեկլան Ռայսը բացեց հաշիվը, իսկ 18-րդ րոպեին պաշտպան Էզրի Կոնսան կրկնապատկեց այն։ Դրանից հետո առաջին պլան մղվեց Բուկայո Սական. անգլիացի վինգերը գրավեց մրցակցի դարպասը 37-րդ և 45+1-րդ րոպեներին՝ ձևակերպելով դուբլ։

Երկրորդ խաղակեսում վենեսուելացի մրցավար Խեսուս Վալենսուելայի սուլիչից հետո ֆրանսիացիները փորձեցին անհնարինը՝ վերադառնալ խաղ: 48-րդ րոպեին Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ վեց րոպե անց Բրեդլի Բարկոլան խփեց ֆրանսիացիների երկրորդ գոլը։ 66-րդ րոպեին Մբապեն նույնպես դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով ինտրիգն ու հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի (3:4)։

Այնուամենայնիվ, Անգլիան կարողացավ կասեցնել մրցակցի ճնշումն ու վերջակետ դնել այս խելահեղ դիմակայությանը: 87-րդ րոպեին Սական, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, հեթ-տրիկ ձևակերպեց։ Թեև 90+6-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կրկին կրճատեց տարբերությունը, սակայն երկու րոպե անց Ջուդ Բելինգհեմը խփեց անգլիացիների վեցերորդ գնդակը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 6։4։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Ֆրանսիան բավարարվեց չորրորդ հորիզոնականով։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի հաղթողի տիտղոսը եզրափակիչում կվիճարկեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։

ԱԱ-2026. Խաղ 3-րդ տեղի համար

Ֆրանսիա — Անգլիա՝ 4:6 (0:4)
Գոլերը՝ Մբապե (48′, 66′), Բարկոլյա (54′), Դեմբելե (90+6′) — Ռայս (3′), Կոնսա (18′), Սակա (37′, 45+1′, 87′ 11մ), Բելինգհեմ (90+8′):

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի