Ներքին 2 ամիս առաջ - 18:00 18-07-2026

Մեկ խախուտ տերմինալ, տասնյակ հերթեր, անպատասխան զանգեր․ ինչ է կատարվում Էրեբունու անձնագրայինում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի պետական ծառայությունների արդյունավետությունը գնահատվում է ոչ միայն օրենքներով, բարեփոխումների մասին հայտարարություններով, այլև այն ամենօրյա շփմամբ, որն ունեն քաղաքացիները պետական հիմնարկներում։

Էրեբունու անձնագրային բաժնում քաղաքացիների սպասարկումը սկսվում է էլեկտրոնային հերթագրման տերմինալից։ Սակայն բաժնում գործում է ընդամենը մեկ տերմինալ, որի աշխատանքը հաճախ խափանվում է տեխնիկական խնդիրների պատճառով։ Հատկապես ծանրաբեռնված օրերին դրա մոտ կուտակվում են հերթեր, ինչի հետևանքով սպասարկման գործընթացը դանդաղում է։



Նկատենք, որ այդ ծառայություններից օգտվում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, որոնք առաջին տպավորություններից մեկը Հայաստանի պետական կառույցների մասին ստանում են հենց այստեղ։



Oragir.News-ի հարցին, թե ինչու է գործում միայն մեկ հերթագրման տերմինալ և ինչու այն լավ չի աշխատում, Էրեբունու անձնագրային բաժնի պետը պատասխանեց.

«Մարդիկ անհամբեր են, չեն սպասում, որ մեկը ավարտի, մինչև մյուսը սեղմի, դրա համար էլ ծրագիրը հաճախ կախվում է։ Իրականում մեկ տերմինալը պետք է բավարար լինի, որովհետև հերթագրման ամբողջ համակարգը մեկ ծրագրով է կարգավորվում։ Այսինքն՝ հնարավոր չէ պարզապես կողքից մի քանի տերմինալ ավելացնել, քանի որ հերթը բաշխվում է մեկ ընդհանուր ծրագրի միջոցով բոլոր օպերատորների միջև։ Իսկ սենսորի հետ կապված՝ համաձայն եմ, լավ չի աշխատում։ Կգրենք, կգան, կփոխեն»։

Այսինքն, պետը տեղյակ է, որ սարքը վատ է աշխատում, սակայն մինչ օրս դրա նորոգման կամ փոխարինման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի իրականացվել։

Պաշտոնյայի՝ «Կգրենք, կգան, կփոխեն» պատասխանից կարելի է եզրակացնել, որ հիմնարկում չկա ամենօրյա վերահսկողություն, և խնդրի լուծումը սկսվում միայն այն ժամանակ, երբ դրա մասին հարց կամ դժգոհություն է հնչում։

Սակայն խնդիրները չեն սահմանափակվում հերթագրման տերմինալով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիների սպասարկման հեռախոսահամարների և թեժ գծի աշխատանքը ևս բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս։ Գործնականում եղել են դեպքեր, երբ օրեր շարունակ կատարված զանգերը մնացել են անպատասխան։ Միանում է սպասման երաժշտությունը, և զանգը երկար ժամանակ մնում է նույն վիճակում՝ մինչև ինքնաբերաբար ընդհատվում է։

Սրանք առանձին տեխնիկական թերություններ չեն։ Դրանք պետական ծառայությունների կազմակերպման որակի ցուցիչներ են։ Հերթագրման տերմինալի սենսորը, անպատասխան մնացող թեժ գիծը և միայն բարձրաձայնումից հետո խոստացված լուծումները չեն համապատասխանում այն սպասարկման չափանիշներին, որոնք քաղաքացին իրավունք ունի ակնկալելու պետական կառույցից։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր