Ներքին 3 ամիս առաջ - 20:55 17-07-2026

Ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը:

Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected], [email protected]) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը,

2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները,

3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ,

4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը (կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար),

5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),

6) արտադրության տեսակը (համառոտ նկարագիրը),

7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը (հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն),

8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն,

9) տեղեկատվություն բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակների վերաբերյալ,

10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,

11) արտադրության տարեկան ծավալները, հզորությունը (կգ, տոննա, հատ),

12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի վերաբերյալ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ) (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),

13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),

14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),

15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),

16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),

17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),

18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում)։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ կիրականացվի ստուգում՝ գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը և ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։

Ստուգման շրջանակներում կկատարվի նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։

Ստուգումն իրականացվելու է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։

Անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում և կներկայացվի Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։

Հաստատման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվի դիմումատուին՝ տրամադրելով գրանցման համարը, որից հետո տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։

«TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն