Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:13 08-07-2026

Էնքան եմ հիասթափված, որ չեմ ուզում բոստան մտնել, կարկուտը սրբեց-տարավ մեր ապրուստը. գոգհովիտցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Աշոցքի խոշորացված համայնքի Գոգհովիտ գյուղում հուսահատությունն ավելի մեծ է, քան խոսքերը։ Չորրորդ անգամ տեղացած կարկուտը կրկին ոչնչացրել է գյուղացիների տարվա աշխատանքը՝ դաշտերում գրեթե ոչինչ չթողնելով։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղացիները պատմում են, որ այս տարի հույսը կապել էին բերքի հետ, սակայն հերթական տարերային աղետը նրանց զրկել է ապրուստի հիմնական աղբյուրից։

«Էնքան եմ հիասթափված, որ չեմ ուզում բոստան մտնել։ Կարկուտը սրբեց-տարավ մեր ապրուստը։ Չորրորդ անգամ է գալիս, էլ ի՞նչ մնաց հավաքենք»,- ասում է Գոգհովիտի բնակիչներից մեկը՝ Լորետա Հովհաննիսյանը։

Բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատիկի և մյուս մշակաբույսերի մեծ մասը վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է։ Գոգհովիտցիների խոսքով` սա պարզապես բերքի կորուստ չէ, այլ ամբողջ տարվա եկամտի կորստի հավասար հարված։

Գյուղացիներն ասում են՝ ամիսներ շարունակ աշխատել են հողի վրա, ներդրել վերջին միջոցները, սակայն մի քանի րոպե տևած կարկուտը ջնջել է նրանց ամբողջ աշխատանքը։

Նրանք մտահոգված են, թե ինչպես են հոգալու ընտանիքների ծախսերը և ինչ միջոցներով են պատրաստվելու հաջորդ գյուղատնտեսական սեզոնին։

Բնակիչների խոսքով՝ նման աղետներից հետո գյուղացին մնում է միայնակ իր խնդրի առաջ։ Նրանք ակնկալում են, որ պատասխանատու կառույցները կայցելեն համայնքներ, կգնահատեն վնասների իրական ծավալը և կքննարկեն տուժածներին աջակցելու հնարավորությունները։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան