Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 04-07-2026

1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու դրանց ֆինանսական թափանցիկությունը միշտ եղել են ուշադրության կենտրոնում։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա պաշտոնական համախմբված ֆինանսական հաշվետվությունները ուշագրավ տվյալներ են ներկայացնում, որոնք մի շարք ողջամիտ հարցադրումների տեղիք են տալիս։

Ամենազարմանալի փաստն ի հայտ է գալիս, երբ համեմատում ենք երկու հիմնադրամների թվերը։ Տասնամյակների պատմություն ունեցող և ողջ հայությանը պատկանող «Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր ավելի քիչ գումար է հավաքում, քան վարչապետի կնոջ հիմնադրամը։

Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ հաշվետու տարում, երբ տասնամյակների պատմություն և համաշխարհային ցանց ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունեցել է 1 միլիարդ 512.9 միլիոն դրամի ընդհանուր մուտք, վարչապետի քաղաքացիական տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին հաջողվել է հավաքագրել ավելի մեծ գումար՝ 1 միլիարդ 580.3 միլիոն դրամ (1․580․263 հազար դրամ՝ ըստ պաշտոնական հաշվետվության)։



Հարցերն անխուսափելի են․ օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ համազգային հիմնադրամի գումարները պակասում են, իսկ երկրի ղեկավարի ընտանիքի հիմնադրամն այդքան հեշտ գերազանցում է նրան։ Արդյոք մեծահարուստներն ու գործարարները գումար տալիս մտածում են միայն լավ ծրագրերի մասին, թե՞ պարզապես փորձում են հաճոյանալ օրվա իշխանությանը։

Հաշվետվությանը կից ծանոթագրությունների «Հիմնադրամի մասին» բաժնում պաշտոնապես արձանագրված է կառուցվածքային էական փոփոխություն: Համաձայն փաստաթղթի՝ հիմնադրամի դուստր ձեռնարկության՝ «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի գործունեությունը 2025 թվականի ապրիլի 1-ից դադարեցվել է:


Այս կառույցը ստեղծվել և պետական ռեգիստրում գրանցվել էր 2022 թվականի մայիսի 17-ին և գործում էր հիմնադրամի հետ նույն հասցեում (ք. Երևան, Վ. Տերյան 1/1): Թեև նշվում է, որ դրա հիմնական կրթական նախագիծը՝ «Quanta» մագիստրոսական ծրագիրը, տեղափոխվել է Երևանի պետական համալսարան, առանձին միջազգային հիմնարկի լուծարումը փաստ է։

Տրամաբանական է, որ խոշոր ենթակառուցվածքի և դուստր հիմնարկի փակմամբ պետք է կրճատվեին նաև հիմնադրամի ընդհանուր ծախսերն ու նվիրատվությունների անհրաժեշտությունը։ Սակայն ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս հակառակ պատկերը. նվիրատվություններն ու դրամաշնորհները 2024 թվականի համեմատ աճել են շուրջ 283.5 միլիոն դրամով (1․296․698 հազար դրամից հասնելով 1․580․263 հազար դրամի)։ Ինչո՞ւ են հիմնադրամի մուտքերն աճում այնպիսի ժամանակահատվածում, երբ դրա գլխավոր գիտակրթական մարմինը լուծարվում է, իսկ ծրագրերը պատվիրակվում են պետական բուհին:

Հոդվածում տեղ գտած ֆինանսական պարադոքսների և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Oragir.News -ը պաշտոնական հարցումներ է ուղղել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը։

Պատասխանները ստանալուն պես դրանք կհրապարակվեն հաջորդիվ:


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր