Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:30 03-07-2026

Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցն անցյալում է։ Այն կմնա ևս մեկ ամոթալի տեսարանով, որին ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի պատճառով։

Հուլիսի 2-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների, արտադրատեսականու համար՝ 450 միլիոնանոց սպառողների շուկայով։ «Քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ շատ չմոտենալու ԵՄ-ին։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք ձեզ կօժանդակենք դրանում»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Այսպիսով՝ ԵՄ-ն, ի դեմս բարձրաստիճան պաշտոնյայի, խոստացավ օգնել Հայաստանին, պաշտպանել Ռուսաստանի ճնշումներից։ Իսկ ՀՀ վարչապետն ինչպե՞ս արձագանքեց ԵՄ-ի այս աջակցությանը։

Երբ մեկը Ձեզ մի բան է տալիս, ապա Դուք համարժեք մի բան էլ նրան եք տալիս։ Սա դաստիարակության նորմ է։ Արժանապատվություն ունեցողն այդպես է վարվում։ Այդպես է սահմանված նրա վարքականոնում։

Հավասար հարաբերությունների պարագայում Հայաստանը պարտավոր էր շնորհակալություն հայտնել՝ համարժեք մի բան տալով կամ խոստանալով ԵՄ-ին։ Եթե ՀՀ-ն ոչինչ չարեց, չասաց, ապա այդպիսով ցույց տվեց, որ աղքատ ու ողորմելի երկիր է, և հարուստ ու ֆիլանտրոպ ԵՄ-ն պարտավոր է օգնել, ողորմություն տալ աղքատ, ողորմելի, թշվառ, անտեր Հայաստանին։

Ողորմելիի մտածողությունն արմատավորվում է պետություն, ազգային իդեալ չունեցող ժողովուրդների մոտ։ Պետականազուրկ դարերում հայ ժողովուրդը կարծում էր, թե քաղաքակիրթ, քրիստոնյա ազգերը պարտավոր են մտածել հայ ժողովրդի մասին, օգնել, պաշտպանել մեզ։ Մեր օրհներգում մինչև 1991-ը մեր Հայրենիքը թշվառ, անտեր էր։ Հետո դարձավ ազատ, անկախ։ Քաղաքականապես տգետները չեն հասկանում, որ ՀՀ-ն ազատ, անկախ է, կարծում են, թե հայը միշտ պետք է մեկի սապոգի տակ լինի, ինչ-որ մեկը պետք է պաշտպանի մեզ չար ազգերից։ Սա ողորմելի թշվառականի կաղապար է։

ՔՊ-ում արժանապատիվ կեցվածքը, կարծես, նորմ չէ։ ՔՊ-ականներն այնպես են խոսում ու վարվում, կարծես՝ բոլորն իրենց պարտք են։ Նախկիններին այնպես են հալածում ու ունեզրկում, կարծես՝ իրենց պարտք են։ Ժողովրդի հետ էլ են այդպես վարվում։ Ընտրություններից առաջ ասում էին, թե ժողովուրդը պարտավոր է տեր կանգնել խաղաղությանը, հետևաբար՝ պարտավոր է ընտրել ՔՊ-ին։ Եթե որևէ մեկն ասում էր, որ ՔՊ-ին չի ընտրելու, Փաշինյանը փրփրում էր, կորցնում ինքնատիրապետումը։ Նույնպես որոշ ողորմելի թշվառականներ են չարանում այն մարդկանց հանդեպ, որոնք անտարբեր են անցնում՝ առանց ողորմություն տալու։

Իսկ ի՞նչ կարող էր Հայաստանը տալ ԵՄ-ին՝ որպես շնորհակալություն։

Հուլիսի 2-ին Փաշինյանը չասաց համարժեք մի բան, որ տպավորություն ստեղծեր, թե արժանապատվություն ունեցող ազատ, անկախ երկրի ղեկավար է։ Օրինակ՝ կարող էր ոչ միայն շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որ հայկական համեղ մրգի ու բանջարի առաջ բացում են ԵՄ շուկայի դռները, այլև խոստանալ, որ ավելի կբարձրացնեն հայկական համեղ միրգ ու բանջարի որակը, որ հաճույք ու բավականություն պատճառեն եվրոպացի սպառողին։

Փաշինյանը կարող էր շնորհակալություն հայտնել ԵՄ-ին Հայաստանի ինքնիշխան իրավունքների, անկախության ու ժողովրդավարության պաշտպանության համար։ Այսպես նա կընդգծեր ԵՄ-ի դերը Հայաստանի համար և ԵՄ-ին իրապես ընկալում է որպես հուսալի դաշնակից։ Փաշինյանը կարող էր նաև խոսել այն մասին, թե ինչպես են մտադիր հակադարձել Ռուսաստանի ճնշումներին։ Այսպես ցույց կտար, որ Հայաստանն իր անկախությունը պաշտպանելու հարցում կարող է մի բան էլ ինքն անել և Հայաստանի պաշտպանությունն ամբողջովին չթողնել ԵՄ-ի ուսերին։

Համարժեք կլիներ, եթե Փաշինյանն ասեր, թե Հայաստանը մտադիր է առաջիկայում ԵՄ անդամակցելու հայտ ներկայացնել և հավատում է, որ ԵՄ-ն կընդունի Հայաստանին իր մեծ ընտանիք։ Ավելին՝ կարող էր փակագիծ բացել ու ասել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում գրելու են այդ մտադրության մասին։ Այս պարզ խոսքի փոխարեն Փաշինյանը վերացական ու անհեթեթ կասկած հայտնեց, որ ԵՄ-ն կարող է չընդունել Հայաստանին իր ընտանիք։

Կարճ ասած՝ Փաշինյանը ԵՄ աջակցությանը ոչ համարժեք արձագանքելով՝ տպավորություն ստեղծեց, թե Հայաստանը թույլ, օգնության կարոտ, ողորմելի պետություն է։ Ահավոր է պատկերացնել, թե ինչ կմտածեն եվրոպացիները մեր մասին։ Հավանաբար՝ կկարծեն, թե անդաստիարակ, անշնորհակալ, ողորմելի, թույլ, թշվառ, անտեր երկիր ենք։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ