Արտաքին 3 ամիս առաջ - 21:36 02-07-2026

Վենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակներում 8 օր մնացած տղամարդուն

Վենեսուելայի փրկարարները փլատակներից ողջ հանել են ավերիչ երկրաշարժերից հետո ութ օր փլատակների տակ անցկացրած 44-ամյա Հերնան Ալբերտո Հիլ Ֆլորեսին։ Լա Գուայրա շրջանում նրա փրկության գործողությունն անվանել են «հրաշք»՝ հաշվի առնելով նրա ողջ մնալու տևողությունը և աշխատանքների բարդությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Տղամարդը մնացել էր փլուզված իննհարկանի շենքի և առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի փլատակների արանքում՝ մոտ 9 մետր խորության վրա։ Նրան հայտնաբերել և ազատել են հինգշաբթի՝ տեղական և միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ բազմաժամյա գործողությունից հետո։

Ըստ փրկարարների՝ մի քանի օր շարունակ իրենք կապ են պահպանել տուժածի հետ՝ խողովակների ու ներարկիչների միջոցով նրան ջուր, սնունդ և դեղամիջոցներ փոխանցելով։ Տղամարդու ողջ լինելու առաջին նշանները արձանագրվել են չորեքշաբթի, երբ որոնողական տեսախցիկի օգնությամբ հաջողվել է տեսողական կապ հաստատել նրա հետ։

Չիլիի հրշեջ ծառայության հրապարակած տեսանյութում երևում է այն պահը, երբ տղամարդու մատները սկսում են շարժվել բետոնի շերտերի և փլատակների միջև եղած նեղ տարածությունում։ Ավելի ուշ հրապարակված նոր կադրերում երևում է, թե ինչպես է նա մասամբ դուրս գալիս փլատակների տակից՝ մնալով գիտակից և հարաբերականորեն կայուն վիճակում։

Տուժածի կինը՝ Ուբիսմար Գոնսալեսը, պատմել է, որ «մեծ վշտի օրեր» է ապրել՝ կարծելով, թե ամուսինը զոհվել է։ Սակայն, իմանալով, որ նա ողջ է, կինն այն անվանել է «հույսի շող» և հայտնել, որ երեխաները տանը սպասում են նրան։

«Նա իրեն հերոսի պես պահեց»,- ասել է կինը։

Փրկարար ծառայությունները նշել են, որ գործողությունը չափազանց բարդ է եղել կառուցվածքի անկայունության պատճառով. ներսում պահպանվում էր նոր փլուզումների վտանգը, իսկ փրկարարները ստիպված էին ամրացնել անցումները և աշխատել մշտական ռիսկի պայմաններում։

Աղետների հետևանքների գնահատման ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սեբաստիան Մոկորկյերը հայտարարել է, որ երկրաշարժից այսքան ժամանակ անց նման դեպքերը ծայրահեղ հազվադեպ են պատահում։ Սովորաբար ողջ մնացածների որոնման «ոսկե պատուհանը» կազմում է մոտ երեք օր, որից հետո հնարավորությունները կտրուկ նվազում են՝ ջրի և սննդի բացակայության պատճառով։

Փրկարարական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ կիրակի օրը հնարավոր ողջ մնացածի առաջին նշաններն են հայտնվել փլուզված Galerías Playa Grande առևտրի կենտրոնի տարածքում։ Հաստատումը ստացվել է ռադարների, սոնարների և ակուստիկ սարքավորումների օգնությամբ։

Փրկարար ծառայությունների տվյալներով՝ տղամարդը մնացել է կայուն վիճակում և մինչև դուրս բերվելու պահը ներերակային լուծույթներ և ջրային հավասարակշռության պահպանման միջոցներ է ստացել։

Երկրաշարժերը, որոնք փլուզել են Լա Գուայրա ափամերձ շրջանի զգալի մասը, հանգեցրել են մասշտաբային ավերածությունների և բազմաթիվ զոհերի։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 2200-ը, սակայն տեղական աղբյուրները կարծում են, որ իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր