Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:30 02-07-2026

Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրային ուշադրությունն արդեն մի քանի օր է սևեռված է Ալեն Սիմոնյանի ուղղությամբ։ Իսկ հուլիսի 2-ին անսպասելի հայտարարություն է հնչել նրա կողմից։

ԱԺ նախագահը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից: «Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա ԱԺ որպես պատգամավոր աշխատելու։ Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ», - ասել է նա և հավելել. «Ոչ մի պաշտոն հավերժ չէ, և փա՜ռք Աստծո։ Ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինել, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»։

Ո՞ւր է գնալու Ալեն Սիմոնյանը։

Նախ նկատենք, որ քաղաքականությունից չհեռանալու և քաղաքականության էջը չփակելու մասին նրա հայտարարությունները անհիմն են, հետևապես ոչ արժանահավատ, եթե ոչ կեղծ։ Հուլիսի 2-ի ճեպազրույցում պարզ դարձավ, որ նրան ոչ միայն չեն առաջադրել ԱԺ նախագահ, այլև ոչ մի պաշտոն չեն առաջարկել։ Եթե նա մանդատը չի վերցնելու և նրան ոչ մի բան չեն առաջարկել, ինքն էլ ոչ մի պաշտոնի հավակնելու մասին չի խոսում, ապա ինչպե՞ս է նա մնալու քաղաքականության մեջ։

Քաղաքականության մեջ մարդը զբաղեցնում է պետական, քաղաքական պաշտոն կամ հավակնում է զբաղեցնելու այդպիսի պաշտոն, դառնալ պատգամավոր, նախարար, ավագանու անդամ և այլն։ Եթե Ալեն Սիմոնյանը ո՛չ մանդատն է վերցնում, ո՛չ էլ հավակնում է զբաղեցնել այլ քաղաքական դիրք ու պաշտոն, ապա ինչպե՞ս է ասում, թե մնում է քաղաքականության մեջ։

Այսինքն՝ քաղաքականության մեջ մնալու մասին Ալեն Սիմոնյանի ասածը դասական առումով անտրամաբանական է։ Բայց քանի որ մեզ մոտ քաղաքականության դասական ընկալումները չեն աշխատում, և քաղաքական պատկերացումների մեծ մասն այլասերված ու աղավաղված են, ապա կարելի է ենթադրել, որ Սիմոնյանի վստահության աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է։ Նա, հավանաբար, խոստացել է, որ մի պաշտոն կտա Ալեն Սիմոնյանին, բայց չի ասել, թե ինչ։ Կամ ասել է, թե ինչ պաշտոն կտա, բայց պատվիրել է ոչ ոքի չասել, ժողովրդից գաղտնի պահել։ Եթե այսպես է, ապա Ալեն Սիմոնյանն ազնիվ կլիներ, եթե ասեր, որ իր՝ քաղաքականության մեջ մնալ-չմնալը որոշում է Փաշինյանը. եթե ասի՝ մնա, ապա կմնա, եթե ասի՝ դուրս կորիր, գնա, ապա կլքի քաղաքական ասպարեզը։

Տարածված կարծիք կա, թե Ալեն Սիմոնյանն ու Խաչատուր Սուքիասյանն ընդհանուր առաջնահերթություններ, հետաքրքրություններ ու սկզբունքներ ունեն, որոնք ավելի վաղ են ձևավորվել, քան Փաշինյանի հետ գործակցությունը։ Ալեն Սիմոնյանին հաճախ ընկալում էին որպես Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ։ Վերջինս ՔՊ 2026-ի ցուցակում չկար։ Ենթադրելի է, որ նրա ցուցակից դուրս մնալը կապ ունի Ալեն Սիմոնյանին խաղից դուրս թողնելու հետ։ Այսինքն՝ նրանք միասին են որոշել որոշ ժամանակ հանգստանալ, բիզնեսով զբաղվել, մեծ նախագծեր իրականացնել ու միլիարդներ աշխատել։ Եվ ինչպես Խաչատուր Սուքիասյանն էր որոշ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի թիվ մեկ օլիգարխը, այնպես էլ Ալեն Սիմոնյանը կարող է դառնալ Փաշինյանի թիվ մեկ օլիգարխը։ Ավելին՝ ենթադրելի է, որ ԱԺ 2031-ի ընտրություններում Ալեն Սիմոնյանը, որպես միլիարդատեր, կստեղծի իր կուսակցությունը, կդառնա լուրջ ընդդիմադիր ուժ և խաղից դուրս կմղի Սամվել Կարապետյանին։

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա ենթադրելի է, որ Ալեն Սիմոնյանը առաջիկայում դառնալու է խոշոր գործարար։ Առաջին հերթին ենթադրվում է, որ նա կգնի ՀԷՑ-ը։ Եթե ՀԷՑ-ը բացառություն չէ, ապա առաջիկայում կազգայնացվեն ու կվերավաճառվեն նաև ՌԴ-ին հանձնված այլ օբյեկտներ։ Եվ դրանց սեփականատերը դարձյալ կարող է դառնալ Ալեն Սիմոնյանը։ Մինչ այդ էլ օրեցօր ակտիվանալու է հայ-թուրքական առևտրային գործակցությունը։ Թուրքիայի հետ առևտուր անող ամենախոշոր հայ օլիգարխը նույնպես կարող է Ալեն Սիմոնյանը լինել։ Ադրբեջանի հետ ակտիվացող տնտեսական հարաբերություններում ևս Ալեն Սիմոնյանը կարող է լոկոմոտիվի դեր կատարել՝ հաշվի առնելով նրա դրական վերաբերմունքը ադրբեջանցիների հանդեպ։

Պարզ ասած՝ Ալեն Սիմոնյանը, ենթադրաբար, օլիգարխ է դառնալու։ Սա նշանակում է, որ նա ֆորմալ առումով քաղաքականությունից դուրս է, իսկ փաստացի լուծելու է ՔՊ-ական իշխանության առաջադրած խնդիրները։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին