Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 22:20 24-06-2026

Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը

Մերի Հակոբյան

Լրագրող

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ ԱՄՆ այն շրջանակները, որոնք աջակցել են ադրբեջանական նախաձեռնությամբ նման միջոցառման կազմակերպմանը, հաշվի են առել նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը և այդ հիմքով են գործել։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ նախատեսվում է անցկացնել «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի չափանիշներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով միջազգային համաժողովը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջոցառումը նվիրված է լինելու, իրենց ձևակերպմամբ, «Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումներին»։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

«Իմ իմացածով՝ Հայ դատից որևէ մեկին չեն հրավիրել։ Կարծում եմ՝ այն ամերիկյան շրջանակները, որոնք օգնել են ադրբեջանցիներին նման միջոցառում կազմակերպել, հաշվի են առել նաև Հայաստանի իշխանությունների կեցվածքն այդ հարցի նկատմամբ և ըստ այդմ շարժվել»,- ասաց Մանոյանը։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այն մոտեցմանը, թե արցախցիների վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցերը համարժեք են, Մանոյանը նշեց, որ նման մոտեցումն սկզբունքորեն սխալ է։

«Պարզ է, որ դա խաղաղության նման չէ։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի իրավունքն ու արցախցիների վերադարձի իրավունքը համարժեք են, կարելի է իրար հետ կապել։ Եթե մենք չխոսենք արցախցիների վերադարձի մասին, իրենք էլ չպետք է խոսեն ադրբեջանցիների վերադարձի մասին։ Սակայն դրանք համարժեք չեն, նույն բաները չեն, տարբեր ժամանակների և տարբեր պայմանների մասին են»,- ընդգծեց նա։

Մանոյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է իր օրակարգը պարտադրել, մինչդեռ Հայաստանի իշխանությունների մոտեցումը չի աշխատում։

«Ադրբեջանը հենց իր դիրքորոշումն է առաջ մղում՝ պնդելով, թե դրանք նույն երևույթներն են։ Հայաստանի իշխանությունները, ընդունելով այդ համարժեքության թեզը, կարծես ենթադրում են, որ եթե իրենք չխոսեն արցախցիների վերադարձի իրավունքի մասին, Ադրբեջանն էլ չի խոսի այս հարցի մասին։ Բայց ադրբեջանցիները նման ընկալում չունեն։ Նրանց նպատակը լրիվ այլ է։ Հայաստանի իշխանությունների մոտեցումը ոչ միայն այս, այլև շատ այլ հարցերում սխալ է»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը, Մանոյանը պատասխանեց. «Եթե այս իշխանությունները չլինեն, կարծում եմ՝ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու միջոցառմանը չի հրավիրվել Հայ դատի ներկայացուցիչ, Մանոյանը նշեց, որ նախաձեռնությունն ամբողջությամբ ադրբեջանական է։

«Երբ Հայ դատն է կազմակերպում միջոցառումներ՝ արցախցիների վերադարձի, գերիների կամ այլ հարցերի շուրջ, ադրբեջանցիներին չեն հրավիրում։ Այստեղ էլ նույնն է։ Ամերիկան չէ կազմակերպիչը, ադրբեջանցիներն են՝ որոշ ամերիկյան շրջանակների աջակցությամբ»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում