Ներքին 2 ամիս առաջ - 13:00 23-06-2026

Ով կպաշտպանի ունեզրկվող ընդդիմադիր գործարարներին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ական իշխանությունները որոշել են ազգայնացնել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 %-ը և Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան լիցենզիան։ Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այսպիսով Փաշինյանը կատարում է իր նախընտրական սպառնալիքը, թե ունեզրկելու է իր հետ մրցակցության մեջ մտած գործարարներին։

Ինչո՞ւ են փորձում ունեզրկել գործարարներին, և ի՞նչ ռիսկեր է պարունակում այս գործընթացը։

Նախ՝ սա լուրջ խնդիր է ժողովրդավարության և պետականության տեսանկյունից։ Ժողովրդավարական երկրներում իշխանությունները փոխվում են, բայց սեփականության իրավունքը մնում է անփոփոխ արժեք։ Գործարարը պետք է վստահ լինի, որ իր ակտիվների ճակատագիրը կախված չէ ընտրություններից, քաղաքական հայացքներից կամ իշխանության նկատմամբ վերաբերմունքից։ Հակառակ պարագայում նա իր կապիտալը կտանի ավելի ապահով երկիր, իսկ պոտենցիալ ներդրողները կվախենան նույն բախտին արժանանալուց ու Հայաստանում ներդրումներ չեն անի։

Ներդրողը փող է ներդնում այնտեղ, որտեղ վստահ է, որ վաղը որևէ պաշտոնյա կամ քաղաքական որոշում չի կարող իրեն զրկել սեփականությունից։ Երբ պետությունն սկսում է միջամտել խոշոր սեփականության ճակատագրին քաղաքական սկանդալների ֆոնին, ներդրողները սկսում են մտածել ոչ թե շահույթի, այլ անվտանգության մասին։

Մակերեսային տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ միայն քաղաքականապես անցանկալի մարդկանց դեմ, այլև գործարարների, ինչպես ընկեր Փանջունին էր պայքարում կեղտոտ բուրժուաների դեմ։

Սակայն, ի տարբերություն Օտյանի հերոսի, Փաշինյանը բոլոր բուրժուաներին դեմ չէ, այլ միայն նրանց, որոնք ռեսուրս են դնում ընտրություններում։ Ընդ որում՝ կապ չունի, թե ինչ ներդրում է անում գործարարը։ Բոլոր դեպքերում նա դառնում է հալածանքի թիրախ։

Բանն այն է, որ ընդդիմության ամենամեծ խնդիրը ռեսուրսների պակասն է։ Իսկ եթե ներգրավվում են գործարարներ, որոնք պատրաստ են ռեսուրսները տրամադրել, ապա կարող է լուրջ մրցակցություն լինել, և ՔՊ-ն կարող է պարտվել։ Հետևաբար, ամենահեշտ ճանապարհը ոչ թե ընդդիմության հետ քաղաքական մրցակցության մեջ մտնելն է, այլ այդ ռեսուրսների աղբյուրները չեզոքացնելը՝ գործարարին վախեցնելով։

Այս առումով՝ ընդդիմադիր կեցվածք ընդունած գործարարներին ունեզրկելու փորձերը շատերի կողմից ընկալվում են որպես նախազգուշացում։ Նախազգուշացում բոլոր այն գործարարներին, որոնք ապագայում կարող են մտածել քաղաքականությամբ զբաղվելու, ընդդիմադիր ուժի աջակցելու կամ իշխանության դեմ հրապարակային դիրքորոշում հայտնելու մասին։

Սա է հիմնական խնդիրը։ Եթե հաջողվի վախեցնել բոլոր գործարարներին, ապա դա ավելի մեծ նվաճում կլինի, քան ՀԷՑ-ի ազգայնացումը կամ «Շանգրիլայի» փակումը։ Եվ եթե Հայաստանում ձևավորվի համոզմունք, որ քաղաքականությամբ կարելի է զբաղվել միայն իշխանության թույլտվությամբ, ապա վաղը քաղաքական դաշտից կհեռանան ոչ միայն գործարարները, այլև բազմաթիվ այլ ակտիվ քաղաքացիներ։ Ոչ ոք չի ցանկանա վճարել քաղաքական մասնակցության գինը։

Եվ այդ ժամանակ ընտրություններն արտաքինից կարող են մնալ, բայց դրանց բովանդակությունը կփոխվի։ Մրցակցությունը կնվազի, այլընտրանքները կպակասեն։ Եվ նույնիսկ եթե Փաշինյանն ավելի վատ բաներ անի, քան արել է մինչ օրս, ապա նա կրկին կվերընտրվի, քանի որ լուրջ մրցակիցներ չեն լինի, ոչ ոք չի համարձակվի ֆինանսավորել ընդդիմության պայքարը։

Պարզ ասած՝ ուժեղ պետությունը չի վախենում քաղաքական մրցակցությունից, չի ոտնահարում սեփականության իրավունքը, պաշտպանում է ազնիվ մրցակցության կանոնները, նպաստում ժողովրդավարական համակարգի հզորացմանը, խրախուսում տնտեսական ներդրումները։ Այս առումով ընտրություններին մասնակցած գործարարներին հալածելը ապապետական, ապատնտեսական, հակաժողովրդավարական է։ Եվ եթե քաղհասարակությունը քաղաքացիական գիտակցություն ունի, ապա կպաշտպանի սեփականության սրբազան իրավունքը։ Իսկ եթե հանրությունը գործարարին աջակցության ձեռք չմեկնի այսօր, նշանակում է՝ ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը դեռ սաղմնային վիճակում է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ