Ներքին 4 ամիս առաջ - 15:23 21-06-2026

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ

Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները համայն հայության, այդ թվում՝ պատմական հարուստ անցյալ ունեցող Ռումանիոյ հայոց թեմի համար, հանդիսանում են լուրջ խոկման և հոգևոր վերլուծության առարկա։

Որպես զավակները մի ազգի, որն ունի հազարամյակների պատմություն և հետայսու ևս պիտի շարունակի իր ընթացքը գալիք դարերում, մեզ համար այս ընտրությունները ունեին կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետության՝ որպես լիարժեք ինքնիշխան պետության, հետագա հեռանկարի առումով։

Որպես քրիստոնեական հնագույն Եկեղեցու մաս կազմող և նվիրապետական կառուցվածք ունեցող ինստիտուտ՝ Հայոց Սուրբ Եկեղեցու հայացքը ներկա գործընթացներին բխում է բացառապես ավանդական, հոգևոր և ազգային արժեքների պահպանման գերակայությունից՝ զերծ մնալով իրավիճակային քաղաքական շահերից կամ աշխարհաքաղաքական բևեռների միջև երկվությունից։

Ժամանակակից քաղաքագիտական և տեղեկատվական հոսքերը հաճախ են ընկնում պարզունակության թակարդը՝ հայաստանյան իրականության մեջ արմատական արժեքների պահպանությանն ուղղված ցանկացած անհանգստություն կամ մտահոգություն որակելով որպես աշխարհաքաղաքական կողմնորոշում, մասնավորապես՝ «ռուսամետություն»։

Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական աշխարհի մեր հոգևոր քույրերին և եղբայրներին ցանկանում ենք փոխանցել կարևոր մի մտածում և արձանագրում. Հայ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի մտահոգությունները վերկուսակցական են և ունեն գոյաբանական բնույթ։ Դրանք ուղղված չեն որևէ արտաքին վեկտորի դեմ, այլ միտված են ներսից հայկական քրիստոնեական դիմագծի անաղարտության պաշտպանությանը։

Ընդհանուր եկեղեցաբանական՝ հատկապես ուղղափառ աստվածաբանական և կանոնական ավանդության մեջ հստակ է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին և Ազգը գտնվում են անքակտելի հոգևոր միասնության մեջ, և սա տեսանելի է նաև եվրոպական շատ պետությունների օրինակով՝ Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա և այլն։

Հայության պարագային էլ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն հիմնական կռվանը, որ պահպանել է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունը, իսկ պետության գոյության պարագային արել է ամեն ինչ՝ հայրենի պետականության զորացման համար:

Այսօր, երբ աշխարհիկացման (սեկուլյարիզացիայի) և համահարթեցնող գլոբալիզացիայի ալիքները փորձում են խարխլել ազգային կառույցները ամբողջ աշխարհում, ավանդական ընտանիքի մոդելը և հոգևոր արմատները, հայ մարդու անհանգստությունը սեփական երկրի ընթացքի վերաբերյալ առավելաբար բնական ինքնապաշտպանական մի արձագանք է։ Դա մտահոգություն է մի ինքնության կորստի համար, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության հիմնասյունը։

Ռումանիոյ հայոց թեմը, հավատարիմ մնալով իր պատմական առաքելությանը և եվրոպական քաղաքակրթական ընտանիքում իր ուրույն տեղին, վերահաստատում է, որ քրիստոնեական հավատքը և ազգային դիմագիծը չեն կարող զոհաբերվել քաղաքական հարմարվողականությանը։ Մենք հեռու ենք քաղաքական կողմնորոշումների պարզունակ պիտակավորումներից. մեր միակ ուղենիշը հայոց պետականության անսասանությունն է և այն հոգևոր ժառանգության պահպանումը, որը կիսում ենք Արևելյան Քրիստոնեական ողջ ընտանիքի հետ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին