Ներքին 2 ամիս առաջ - 16:00 11-06-2026

ՀԱՊԿ-ը չի հեռացնի Հայաստանին. Փաշինյանը ժխտում է իրականությունը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անհասկանալի կեցվածք է ընդունել Հայաստանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Եթե Հայաստանը մնում է կառույցում, ապա ինչո՞ւ անդամավճար չի վճարում։ Եթե մտադիր է չշարունակել համագործակցել այս կառույցում, ապա ինչո՞ւ դուրս գալու գործընթաց չի սկսում։

«ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը ուշադրություն էր հրավիրել ՌԴ-ից հնչող ակնարկներին, թե ՀՀ-ն 2 տարի է՝ չի վճարում անդամավճարը և զրկվելու է ՀԱՊԿ կառույցում ինչ-ինչ իրավունքներից։

Հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Փաշինյանի թվում, թե ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել Հայաստանին։ Սա քաղաքական պատրա՞նք է, թե՞ ժխտման հիվանդության պատկեր։

Հարկ է հիշեցնել, որ ՀԱՊԿ-ը ռուսական դոմինանտությամբ կառույց է։ Այն խորհրդանշում է ՌԴ գերիշխանությունն անդամ երկրների նկատմամբ։ Եվ ՀԱՊԿ-ի միակ գործառույթն այն է, որ անդամ երկրներում իշխանության ղեկին լինեն ռուսամետ գործիչներ, որոնք կգերադասեն ռուսական շահերը։

Օրինակ՝ ՀԱՊԿ զորքերը Ղազախստան են մտել 2022 թվականի հունվարի 6-ին՝ երկրում բռնկված զանգվածային անկարգությունների և բողոքի ցույցերի ֆոնին։ ՀԱՊԿ-ում մտավախություն էր առաջացել, որ այդ երկրում կարող է ձևավորվել այնպիսի իշխանություն, որը չի գերադասելու ռուսական շահերը։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կազմակերպությունը որոշեց խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական նշանակության օբյեկտները պաշտպանելու համար։ Առաքելությունն ավարտվեց նույն տարվա հունվարի կեսերին, և բոլոր զորախմբերը դուրս բերվեցին երկրից, քանի որ այդ երկրում իշխանությունը կրկին խոստացավ, որ գերադասելու է ռուսական շահերը, ինչպես մինչ այդ էր անում։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով ասում է, որ ռուսական շահերի դեմ ոչինչ չի անելու։ Այս առումով ՀՀ-ն իսկական ՀԱՊԿ անդամ է։ Եվ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու որևէ պատճառ, նույնիսկ առիթ, չկա։ Հետևաբար՝ Փաշինյանի ենթադրությունը, թե Հայաստանին կարող են հեռացնել ՀԱՊԿ-ից, իրականությանը համարժեք չէ։

ՀԱՊԿ-ի տեսանկյունից նույնպես տրամաբանական չէ Հայաստանին հեռացնելը։ Ներկայումս Մոսկվան ձգտում է ընդլայնել իր ազդեցության գոտին։ Իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելը ցույց կտա, որ ՌԴ-ն կամավոր հրաժարվում է Հայաստանում ունեցած իր ազդեցությունից, այլևս չի ուզում, որ ՀՀ իշխանությունը ռուսական դրածո լինի, առաջնորդվի ռուսական շահերով ու արժեքներով։ Այսինքն՝ ՌԴ-ն կարող է հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից, կամավոր հրաժարվել ՀՀ-ում ռուսական ազդեցությունից, երբ ժողովրդավարական երկիր դառնա։ Գուցե Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկի՞ր է դառնալու վաղը և հրաժարվելու է կայսերապաշտական նկրտումներից։

Հիշենք, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չարձագանքեց 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը խախտեց սահմանն ու ներխուժեց ՀՀ տարածք։ ՀԱՊԿ-ն իր անդամ պետության կողքին կանգնելու փոխարեն պաշտպանեց Ադրբեջանին, չճանաչեց ՀՀ ինքնիշխան իրավունքները, տարածքային ամբողջականության խախտման փաստը, որևէ կերպ չպաշտպանեց իր անդամ պետությանը։ Այսքանից հետո Հայաստանը սառեցրեց իր անդամությունը ՀԱՊԿ-ում, այսինքն՝ չի մասնակցում զորավարժություններին, հավաքներին, չի վճարում անդամավճար, սակայն ֆորմալ առումով շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։ ՀԱՊԿ անդամներն էլ, բնականաբար, ակնկալում են, որ ՀՀ-ն պետք է անդամավճար վճարի, կատարի ՀԱՊԿ կանոնադրությամբ սահմանված անդամի պարտականությունները և այլն։

Կարճ ասած՝ լավ կլինի, որ Փաշինյանն անկեղծ խոստովանի, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսում։ Այս խոստովանությունն անհրաժեշտ է և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ եվրոպացի գործընկերներին։ Հակառակ պարագայում կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ ղեկավարը կորցրել է իրականության զգացումը, չի հասկանում, թե ինչ է ՀԱՊԿ-ը, ու ինչու են ռուսներն ուզում, որ ՀՀ-ն մնա ՀԱՊԿ անդամ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ