Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 20:00 08-06-2026

Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՏԿԵՆ ենթակայության տակ գտնվող տեղական կառույցները սկսել են պարտքեր կուտակել հենց այն ընկերությունների հանդեպ, որոնց 2018-ին խոստանում էին «սնանկացնել» և «կուլակաթափ անել»։

Ուղիղ ութ տարի առաջ՝ 2018 թվականի թեժ հանրահավաքների օրերին, Նիկոլ Փաշինյանը հպարտ ապարանցիներին ամբիոններից հավատացնում էր, որ «նախկին թալանչիներից»՝ մասնավորապես «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանից, հետ է վերցնելու ժողովրդից հափշտակված ամեն մի դրամը։ Նա խոստանում էր պատժել նախկին իշխանությունների հետ կապվող օլիգարխներին և վերականգնել արդարությունը։

Այդ խոստումների ֆոնին առանձնահատուկ թիրախներից մեկը հենց «Ֆլեշի Բարսեղն» էր, ում իշխանական քարոզչությունը տարիներ շարունակ ներկայացրել է որպես նախկին օլիգարխիկ համակարգի գլխավոր սյուներից մեկը։

Այսօր իրականությունը ճիշտ հակառակն է։ Փաշինյանի գանձարանը ոչ միայն ոչինչ հետ չի վերցրել, այլև հայտնվել է պարտապանի դերում։ Դատական փաստաթղթերից երևում է, որ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանն արդեն տևական ժամանակ է՝ չի կարողանում վերադարձնել «Ֆլեշ» ընկերությանը ունեցած ավելի քան 3 միլիոն դրամի պարտքը։ Արդյունքում ընկերությունը ստիպված է եղել դիմել դատարան՝ հարկադրանքով իր հասանելիք գումարը հետ ստանալու համար։

Հրապարակված դատական կարգադրության համաձայն՝ Ապարանի համայնքապետարանից հօգուտ «Ֆլեշ» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 3 միլիոն 80 հազար դրամ գումար։

Այս պատմության մեջ ամենաուշագրավը տնտեսական երկակի ստանդարտներն են։ Կառավարության ղեկավարը շարունակում է շրջել մարզերով, հանդիպել բնության տարերքից տուժած գյուղմթերք արտադրողներին, հերթական անգամ խոստանում փոխհատուցումներ հատկացնել գյուղատնտեսներին, սուբսիդավորել տարբեր ծրագրեր և հայտարարել սոցիալական աջակցության նոր փաթեթների մասին։ Սակայն պետական և համայնքային կառույցներն իրենք են պարտքեր կուտակում հենց այն գործարարների ու ընկերությունների առաջ, որոնց դեմ ժամանակին պայքարում էին։

Հարց է առաջանում՝ եթե պետական բյուջեն կամ համայնքային սուղ միջոցները չեն հերիքում նույնիսկ մատակարարված վառելիքի 3 միլիոն դրամ պարտքը փակելուն, ապա որտեղի՞ց են գտնվելու այն միլիարդները, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար։

Սա հերթական օրինակն է, թե ինչպես են հեղափոխական տարիների բարձրագոչ կարգախոսները բախվում անարդյունավետ կառավարման իրականությանը։ Երբ համայնքային բյուջեները չեն կարողանում ժամանակին կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, հարց է առաջանում՝ իշխանական կուսակցության խոստումները գյուղի զարգացման մասին կարո՞ղ են իրականանալ։

Ի վերջո, եթե պետական համայնքապետարանը չի կարողանում ժամանակին մարել նույնիսկ մի քանի միլիոն դրամի պարտավորությունը, ապա հանրությունն իրավացիորեն կարող է հարցնել՝ ո՞ւր են այն ռեսուրսները, որոնց մասին Կառավարությունը մեծ-մեծ խոսում է, բայց չի օգնում ապարանցիներին, որ վճարեն պարտքը։ Գյուղացին էլ տեսնում է, որ համայնքապետարանը չի կատարում իր ֆինանսական պարտավորությունը, ինքն էլ չի կատարում իր պարտականությունները, և ստեղծվում են բարոյական ճգնաժամի ռիսկեր։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր