Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 14:00 31-05-2026

ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո դեղորայքը, որակյալ ապրանքը կէժանանան

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԵԱՏՄ-ից դուրս գալը ճիշտ քայլ է անկախության ու ժողովրդավարության պաշտպանության տեսանկյունից։ Սակայն կա մտահոգություն, որ ՀՀ-ն դրանից կարող է տուժել։ Ռուսները սպառնում են, թե կթանկացնեն գազը, կփակեն ռուսական շուկան հայկական ապրանքի համար։ Այս քայլերը ցույց են տալիս, որ Մոսկվան ոչ բարեկամաբար է վերաբերվում հայ ժողովրդին։

Ի՞նչ է տվել ԵԱՏՄ-ն մեզ, ավելի շատ շահե՞լ, թե՞ կորցրել ենք։

ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ անդամ, ամենաթանկն է վճարում ռուսական գազի համար։ «Գազպրոմը» 2024-ի տվյալներով՝ Բելառուսին գազը վաճառում է 128,5 դոլարով հազար խորանարդ մետրի համար, Ղրղզստանի համար՝ 150 դոլար, իսկ Հայաստանի համար՝ ամենաթանկը՝ 165 դոլար։ Նշենք, որ Եվրոպայում գազի հազար խորանարդ մետրի միջին գինը կազմում է 400 դոլար։

Ռուսները ՀՀ-ին գազն այս գնով են տալիս ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ ԵԱՏՄ անդամ լինելու։ «Գազպրոմն» է նաև բաշխիչ գործառույթն իրականացնում և ՀՀ սպառողին գազը վաճառում՝ 143.7 դրամ 1 խ/մ-ի համար, մոտ 390 դոլար 1000 խ/մ-ի համար, մոտավորապես այնքան, որքան եվրոպացին։ Հավելագրումներն էլ գումարած՝ ՀՀ քաղաքացին ավելի թանկ է վճարում, քան եվրոպացին։

ԵՄ որոշ երկրներ իրենց վրա են վերցնում բաշխման ծախսերը և ռուսական գազը իրենց բնակչին վաճառում են ինքնարժեքով։ Դրանից զատ՝ ԵՄ-ն նպատակ է դրել 2027-ից ընդհանրապես հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Այնպես որ՝ առաջիկայում փակվելու է ռուսական գազի սպառման ամենամեծ շուկաներից մեկը, եթե ՌԴ-ն չհրաժարվի իր զավթողական նկրտումներից։

Այս իրավիճակում Մոսկվան պետք է երջանիկ լինի, որ Հայաստանը նրանից գազ է գնելու։ Գուցե նույնիսկ էժանացնի այն։ Իսկ եթե փորձի թանկացնել, ապա ՀՀ իշխանությունը կարող է ազգայնացնել գազի բաշխիչ ցանցը՝ դուրս վռնդելով «Գազպրոմին» Հայաստանից։ Չի բացառվում, որ ռուսները կամավոր հրաժարվեն բաշխիչ գործառույթից՝ պայմանով, որ ՀՀ-ն շարունակի ռուսական գազ գնել։

ԵԱՏՄ անդամությունը անդրադառնում է նաև ՀՀ ներկրվող ապրանքների գների վրա, իջեցնելով ընդհանուր բարեկեցության մակարդակը։

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է 2015-ից։ 2020-ի հունվարի 1-ից սկսած՝ ԵԱՏՄ մաքսային տուրքերը կիրառվում են երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար։ Արդյունքում ապրանքները թանկացել են, և ՀՀ քաղաքացին նույն ապրանքը գնում է ավելի թանկ, քան տարիներ առաջ, երբ ԵԱՏՄ անդամ չէր։ Նորմալ, որակյալ ապրանքը շատ թանկ է, միջին եկամուտ ունեցող քաղաքացու համար՝ անմատչելի։ Խանութները լցված են ռուսական և չինական ցածրորակ ապրանքներով։

2020-ի հունվարի 1-ից 699 ապրանքների մաքսատուրքերը բարձրացել են։ Գնի բարձրացման ենթակա ապրանքների թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը։

ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից ներմուծվող տեքստիլ արտադրանքի և գործվածքների վրա գործող մաքսատուրքերը ավելացել են 4-6%-ով։ Հում կաշվի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված արտադրանքի, պղնձի և պղնձե արտադրանքի մաքսային տուրքերը ավելացել են 3 տոկոսով, իսկ ալյումինի և ալյումինե արտադրանքի մաքսային տուրքերը՝ 6-9 տոկոսով։

Շինանյութերի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելանյութերի մաքսային տուրքերը բարձրացել են 3 տոկոսով։ ԵԱՏՄ-ից դուրս երկրներից ներմուծման դեպքում բարձրացել են նաև տնտեսական ապրանքների մաքսային տուրքերը՝ ներկեր և լաքեր՝ 2%, հիգիենայի միջոցներ, լվացող միջոցներ՝ 2%, փայտ, փայտե արտադրանք՝ 2-8%, կերամիկա, մետաղ՝ 2-5%, ապակի, ապակե արտադրանք՝ 5-6%, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, զարդեր՝ 6%, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9%, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ՝ 6%։

Ամենաշատը բարձրացել է ավտոմեքենաների մաքսատուրքը, ինչի հետևանքով գներն էապես թանկացել են։ Որոշ քննադատների կարծիքով՝ այս մաքսատուրքերի հետևանքով ՀՀ-ն դարձել է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների ստրուկը։ Երրորդ երկրներից ներկրված ապրանքը շուկայում գնային առումով մրցունակ չէ։ ՀՀ տնտեսության կախվածությունը Ռուսաստանից դարձել է ակնհայտ։ Հավելենք, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը գանձվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից ՀՀ-ն ստանում է 1.22%-ը։ Այսինքն՝ ՀՀ-ն գանձած մաքսատուրքը փոխանցում Մոսկվա, հետո ստանում 1,22 տոկոսը։

Կարճ ասած՝ ԵԱՏՄ անդամությունը Հայաստանին տվել է կախվածություն ռուսական շուկայից, ՀՀ-ն լցվել է ցածրակարգ ապրանքներով։ Իսկ որակյալ ապրանքներն էապես թանկացել են։ Հետևապես՝ եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, ապա որակյալ ապրանքները, դեղորայքը, մեքենաները, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ կէժանանան։ Սա գուցե հաշվի կառնեն մարդիկ, երբ կուզենան ընտրություն կատարել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն արդարացված է ոչ միայն անկախության ու ժողովրդավարության, այլև տնտեսական ազատության և ժողովրդին որակյալ ու մատչելի ապրանքով ապահովելու առումով։



Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին