Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 29-05-2026

Սամվել Կարապետյանը Հ1-ին դատի է տվել, Քոչարյանի հարցազրույցը, Փաշինյանը Մեղրին է փրկել․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 29-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Ղրղըզստանի ղեկավարները հայտարարություն են փոխանցել Մհեր Գրիգորյանին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ այսօրվա հանդիպմանը քննարկել են Հայաստանի դիրքորոշման շուրջ իրավիճակը: Թե ինչ բովանդակություն ունի հայտարարությունն, առայժմ չեն հրապարակել: Պաշտոնական Մոսկվայից ավելի վաղ հայտարարել էին, թե գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը: Ռուսաստանը հորդորում է արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, թեև Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը Եվրամիությանն անդամակցելու հայտ չեն ուղարկել։ Գագաթնաժողովի բաց մասում, սակայն, Հայաստանի հասցեին քննադատություններ չհնչեցին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթում ակնարկ կար, նա, սակայն, ոչ թե Հայաստանին, այլ միությանը քննադատեց՝ պնդելով, թե իրենք պետք է ավելի լավ աշխատեն, որ անդամ երկրները հեռանալու միտք չունենան: Անդամ մյուս երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ առանձին հայտարարություններ չարեցին: Մհեր Գրիգորյանն էլ Աստանայում ավարտված ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում: Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու վրա, ասել է Գրիգորյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։ Կարապետյանը պահանջում է, որ պատասխանող կողմերը՝ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր վերաբերյալ հրապարակված, զրպարտություն համարվող տվյալները։ Նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ: «Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հայցի պահանջում։ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Հ1-ին և ՔՊ-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերությանը։ ««Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Հարցազրույցը կարող եք դիտել «Լուրեր»-ից անմիջապես հետո՝ ժամը 22։10-ին»,- տեղեկանում ենք Քոչարյանի պաշտոնական էջից։ Նշենք, որ սա թերևս Քոչարյանի առաջին հարցազրույցն է Հանրային հեռուստաընկերությանը։ 2021 թ-ին նախատեսված հարցազրույցը չէր կայացել քանի որ կողմերը չեն համաձայնեցրել հարցազրույցի վայրի ձևաչափը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ուղևորվել են Տավուշի մարզ։ Համայնքներից մեկում իր ելույթում Փաշինյանն արձագանքել է իր հասցեին ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին և վիրավորանքներով պատասխանել։ Փաշինյանը պնդել է, թե ինքը փրկել է Մեղրին և Սյունիքը հանձնումից։ «Դրանք Սերժի ճտերն են, Սերժի քաղաքական զավակները: Մեզ մեղադրում են Սյունիքն ու Մեղրին հանձնելու փորձի համար, հողերը տալիս ա, հողերը տալու ա..., բայց մենք Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով»,- ասել է Փաշինյանը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից շուրջ 19 տարի անց՝ 2018 թվականին, և այդ ողջ ընթացքում՝ երկրորդ և երրորդ նախագահների պաշտոնավարման օրոք, Մեղրին ու Սյունիքի ողջ մարզը եղել են Հայաստանի Հանրապետության կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում:



Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին