Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 21-05-2026

Օսիպյանը կալանավորվեց, ինչու են Անդրանիկ Թևանյանին պատժում, Նիկոլ Փաշինյանին դատի կտան․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ նրան մոտեցած և հարց ուղղած արցախցի Արթուր Օսիպյանը, ում Փաշինյանն արձագանքել էր վիրավորանքներով ու բղավոցներով, 2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Օսիպյանը մարտի 22-ին Ֆեյսբուքի իր էջում Փաշինյանի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին, իմանալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին, գնացել և խոչընդոտել է քարոզչության ընթացքը։ Ըստ հաղորդագրության՝ նա տեղում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, չի ենթարկվել հավաքվածների հորդորներին և խախտել հասարակական կարգը։ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել երեք հոդվածով՝ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։ Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ Օսիպյանը ձերբակալվելու պահից գտնվում է հացադուլի մեջ։ Հովհաննիսյանի խոսքով` Արթուր Օսիպյանն առողջական խնդիրներ ի սկզբանե ունեցել է։ «Բժշկական փաստաթղթերը փոխանցվել են դատարանին»,– ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ այս պայմաններում հացադուլը է՛լ ավելի կվնասի Օսիպյանի առողջությունը։ Փաստաբանի խոսքով` Օսիպյանն իրեն համարում է քաղբանտարկյալ, քանի որ իր կարծիքը ազատ արտահայտելու պատճառով է զրկվել ազատությունից։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են երկամսյա կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։

Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրվել։ Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ «Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։ 6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչի հետ քննարկել է նախընտրական իրադրությունը։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Կաթողիկոսը Լենարչիչին ընդունել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը»,– ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:


Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ