Ներքին 3 ամիս առաջ - 13:00 15-05-2026

Ալեն Սիմոնյանը թող հայելուն նայի, հետո խստացնի ընտրակաշառքի հոդվածը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մի քանի տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե հեղափոխության արդյունքում Հայաստանում ընտրակաշառքը վերացել է։ Իհարկե, մարդիկ չէին հավատում նրան։ Վերջին շրջանում ամեն օր ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվում, ինչը նշանակում է, որ Փաշինյանը կա՛մ ստում էր, կա՛մ չգիտեր, որ այս չարիքը չի վերացել։

Ինչո՞ւ են շատացել ընտրակաշառքի դեպքերն, ու ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

Ասում են, թե իշխանությունների հետ կապ ունեցող մարդիկ են փող տալիս ընտրակաշառք բաժանողին, հետո բաժանողի տվյալները տրամադրում իրավապահներին, որոնք էլ հեշտ ու արագ բացահայտում են։ Այս ասեկոսեն շատ է տարածվում դավադրության տեսությունների սիրահարների շրջանում։

Եվ ահա, մայիսի 14-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնություն են դնում շրջանառության մեջ, որով նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը։

«Իմ և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի։ Նախկինում նախատեսված պատիժը՝ մինչև 8 տարի ընտրակաշառք տալու համար, կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Նախկինում ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկմամբ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Այս փոփոխությունը վերը նշված ասեկոսեի հետ համադրելիս, ենթադրելի է, որ նախաձեռնության գլխավոր խնդիրն է հավատացնել բոլորին, որ ՔՊ-ն բաժանվող ընտրակաշառքի հետ նույնիսկ շատ հեռավոր առնչություն չունի։ Հակառակ պարագայում՝ ԵՄ-ն Փաշինյանին չի աջակցի։

Այս փոփոխությունը գուցե կսթափեցնի ընտրակաշառք բաժանողին ու ստացողին։ Մարդիկ կվախենան, կաշառք չեն տա ու վերցնի։ Իրոք, սարսափելի է խեղճ մարդկանց վիճակը, որոնք, գայթակղվելով, վերցնում են ընտրակաշառքը, հետո այսպիսի խիստ պատժի ենթարկվում։

Հարկ է հաշվի առնել, սակայն, որ օրենքի այս խստացումը կարող է անդրադառնալ նաև ՔՊ-ականների վրա։ Օրինակ՝ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն ֆոտոխցիկ նվիրելը որոշ քննադատներ ընտրակաշառք են որակում։

Չի բացառվում, որ ընդդիմադիր պատգամավորներն էլ հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ ու կառաջարկեն քրեականացնել վարչական ռեսուրսի կիրառումը, քարոզարշավին դպրոցականներին ներգրավելը և այլ ընտրախախտումները, որոնք անպատիժ կատարվում են ՔՊ-ի ձեռքով և արձանագրվում տեղական դիտորդների կողմից։ Իրոք, եթե ընտրակաշառք տալն ու վերցնելը հանցանք են, ապա ինչո՞ւ վարչական ռեսուրսի կիրառումը, դպրոցականներին ներգրավելը, հարկատուների միջոցներով քարոզչական միջոցառում անելը հանցանք չեն համարվում։ Չէ՞ որ դրանք խախտում են հավասար մրցակցության նորմը և ազդում ընտրությունների արդյունքի վրա։

Ընդհանրապես, արդար կլիներ, եթե ԱԺ նախագահը վայր դներ պատգամավորի մանդատը և նոր մասնակցեր ՔՊ-ի քարոզարշավին։ Եթե վայր չի դրել մանդատը, ապա քարոզարշավին չպիտի մասնակցեր։ Նույնը վերաբերում է ՔՊ-ական բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին։ Բոլորը պետք է արձակուրդ գնային մինչև հունիսի 8-ը։ Սա է կարգն ու օրենքի պահանջը։ Եթե ՔՊ-ականներն այս առումով չեն հարգում կարգն ու օրենքը, կաբինետից քարոզարշավ են անում, ապա ի՞նչ հիմքով են ակնկալում, որ ընտրակաշառք տալն ու վերցնելը կվերանա։ Մարդիկ առաջին հերթին օրինակ են վերցնում իշխանավորից։ Մարդիկ տեսնում են, որ ՔՊ-ականը կաբինետից գալիս է քարոզարշավի, քարոզարշավից գնում կաբինետ, դպրոցականներին ներգրավում քարոզարշավին, ՔՊ-ի քարոզչական շապիկներ հագցնում երեխաներին և այլ ընտրախախտումներ անում։ Հետևապես՝ մարդիկ սխալմամբ կարծում են, թե օրենքը, քարոզարշավի կարգը խախտելը նորմալ է։ Այս սխալ պատկերացումներով էլ, հավանաբար, նորմալ է ընտրակաշառք տալն ու վերցնելը։ Եթե իշխանավորն օրենքն ու կարգն արհամարհում է՝ առանց վախենալու, ապա ի՞նչ տրամաբանությամբ է ակնկալում, որ մարդիկ կվախենան և ընտրակաշառք չեն տա ու չեն վերցնի։

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանը, ընտրակաշառքի մասին հոդվածը խստացնելու մասին մտածելուց առաջ, կարող է նայել հայելուն, հարգել քարոզարշավի կարգն ու օրենքը, որ մարդիկ սխալ օրինակ չվերցնեն ու վատ բաներ չանեն։ Այս առումով՝ իշխանություններն ընտրակաշառքի մեղսակից են։ Ու եթե տվողին ու վերցնողին դատում են, ապա մի կետ էլ պետք է սխալ օրինակ ծառայողների համար սահմանեն։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ