Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:30 11-05-2026

ԵԱՏՄ-ից դուրս գալու դուռ է բացվում. ինչու է Պուտինը շտապեցնում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Վիրավորական է, երբ օտար երկրների ղեկավարներն ասում են, թե ինչ պետք է անի ՀՀ իշխանությունը կամ ժողովուրդը։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է հանրաքվեի դնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցը։

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը միանալու Հայաստանի պլաններին, դա, իհարկե, հատուկ ուսումնասիրություն է պահանջում։ Մեկ անգամ չէ, որ ես այդ հարցը քննարկել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք այստեղ յուրահատուկ ոչինչ չենք տեսնում։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանի ժողովրդի և նաև մեր հանդեպ՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ, ճիշտ կլինի որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել։ Օրինակ՝ անցկացնել հանրաքվե։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնելը և Հայաստանի քաղաքացիներին հարցնելը, թե ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան նաև մենք կանեինք համապատասխան հետևություններ և կգնայինք փափուկ, ինտելեգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։

Ինչո՞ւ է Պուտինն ակնարկում հանրաքվեի մասին, և ինչո՞ւ է ուզում, որ հայ ժողովուրդը շուտ կողմնորոշվի այս հարցում։

Հայաստանը 2013-ի սեպտեմբերի 3-ի մութ գիշերով է դարձել Մաքսային միության անդամ։ Այս հիմքի վրա էլ ձևավորվել է ԵԱՏՄ-ն։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը ժողովրդին չի հարցրել, հանրաքվե չի կազմակերպել, երբ անկախության անիվը հետ է շրջել և Հայաստանը մտցրել ԵԱՏՄ։ Հետևապես՝ արդար կլինի, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը նույնպես ընդունվի առանց ժողովրդին հարցնելու։

Սակայն Պուտինի ակնարկն ունի սահմանադրական հիմք։ 2015-ի Սահմանադրության 205-րդ հոդվածով սահմանվում է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։

Եթե հանրաքվեի դրվող հարցը լինի ԵԱՏՄ-ից դուրս գալն ու ԵՄ-ին միանալը, ապա այն, ըստ ՀՀ Սահմանադրության, պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Հետահայաց ենթադրելի է, որ Սահմանադրության այս նորմը ներմուծվել է Կրեմլի պահանջով, որ հետագայում հիբրիդային գործիքներով փորձեն ազդել ընտրողների տրամադրությունների վրա և ձախողել ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն։

Հանրային խոսույթում շրջանառվում է լավատեսական վարկած, թե ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալը կապ ունի ուկրաինա-ռուսական կարգավորման հետ։ Ասում են, թե ԱՄՆ-ՌԴ բանակցություններում քննարկվել է նաև ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Եվ Մոսկվան համաձայնել է դուրս գալ Հայաստանից, չդիմադրել, եթե ՀՀ իշխանությունը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից ու միանալ ԵՄ-ին՝ հավանաբար ակնկալելով, որ Արևմուտքը զիջումներ կանի Ուկրաինայի հարցում՝ Ռուսաստանին թողնելով գրավյալ որոշ տարածքներ։ Ու քանի որ Մոսկվան ձգտում է օր առաջ ավարտել պատերազմը՝ առանց մեծ պարտության ու կապիտուլյացիայի, ապա առաջարկում է Հայաստանին օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ԵՄ անդամ դառնալ։

Այս վարկածի օգտին է ևս մեկ հանգամանք։ ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական ժողովը կանցկացվի Ղազախստանում 2026 թվականի մայիսի 28-29-ին։ Օրակարգում է նաև «Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների վեկտորի քննարկումը»։ ԵԱՏՄ գործընկերները Նիկոլ Փաշինյանին կակնարկեն, որ դեմ չեն, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից ու միանա ԵՄ-ին։

Կարճ ասած՝ գնդակը ՀՀ իշխանությունների դաշտում է։ Եթե ՔՊ-ն ունենա քաղաքական կամք ու առաջնորդվի ազգային շահերով, ապա կօգտվի առիթից ու կազատի հայ ժողովրդին ռուսական ազդեցությունից, կամրացնի ՀՀ անկախությունը, զարգացման և բարեկեցության իրական հնարավորություն կբացի։ Այսինքն՝ կարող են լսել Պուտինի հորդորը ու այս հարցով հանրաքվե նշանակել սեպտեմբերի 21-ին։

Իսկ եթե Փաշինյանն այս անգամ էլ փոքրոգություն դրսևորի, ջայլամի կեցվածք ընդունի ու ոչինչ չանի, ապա, ենթադրաբար, կզրկվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի աջակցությունից, արդյունքում՝ ՔՊ-ն կպարտվի հունիսի 7-ի ընտրություններում և ընդդիմություն կդառնա։ Եվ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիրը կդրվի ընդդիմության ուսերին։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին