Ներքին 5 ամիս առաջ - 20:00 01-05-2026

Ադրբեջանում մտահոգված են Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով

Մերի Հակոբյան

Լրագրող

Կասկածից վեր է, որ Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու ոչ միայն մեր երկրի հետագա զարգացման, այլ նաև տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից։ Հենց այս իրողությամբ էլ պայմանավորված՝ թե՛ տարածաշրջանային, թե աշխարհաքաղաքական դերակատարներից շատերը պարբերաբար ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վերաբերյալ հայտարարություններով են հանդես գալիս, նրանցից շատերն անգամ բաց տեքստով աջակցություն են հայտնում գործող իշխանություններին. հիշում ենք ԱՄՆ փոխնախագահ Վենսի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները։

Վերջին շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի տարածաշրջանային հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս ուշի ուշով հետևում և ակտիվորեն արձագանքում է մեր ներքաղաքական զարգացումներին, հատկապես՝ ուշադրության կենտրոնում պահելով ընդդիմադիր ուժերի հնարավոր հաջողությունների և նրանց կողմից իշխանափոխություն իրականացնելու սցենարը։ Բաքվի քաղաքական և տեղեկատվական խոսույթում Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած քաղաքական «խաղաղության» օրակարգը հաճախ ներկայացվում է կանխատեսելի, իսկ Նիկոլ Փաշինյանն առավել ընդունելի, ընդդիմությունը՝ «պատերազմի հրձիգ», թեպետ մյուս կողմից էլ նույն Բաքվի հավատարմությունն այդ օրակարգին առնվազն կասկածներ է առաջացնում։

Միևնույն ժամանակ, նկատենք, որ ադրբեջանական քաղաքական խոսույթում առանձնահատուկ ուշադրություն է արժանանում այն սցենարը և մտահոգություններ են հնչում այն կապակցությամբ, որ Հայաստանում կարող է ընդդիմությունը իշխանության գալ։ Թեպետ ընդդիմադիր դաշտի բազամազանությանը, այնուամենայնիվ նմանաբովանդակ հրապարակումներում կարմիր թելով անցնում է այն մտահոգությունը, որ ընտրությունների արդյունքում կարող է իշխանության գալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագհ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը։

Ընթերցողին հիշեցնենք, որ 2021 թվականի ընտրությունների նախաշեմին ևս Ադրբեջանում կրկին նման մտահոգություններ հնչում էին։ Տեղին է հիշել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս անդրադարձել է երկրորդ նախագահին՝ նրան բնորոշելով որպես «ռևանշիստական քաղաքականության ներկայացուցիչ» և ընդգծելով, որ տարածաշրջանում «ռևանշիզմի» վերադարձն անընդունելի է։ Ավելին՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ ինքն իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանին է հաղթել ու կապիտուլյացիայի ենթարկել, այլ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Մեր ուսումնասիրության համաձայն՝ ադրբեջանական մամուլում և վերլուծական հարթակներում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը դիտարկվում է որպես զգայուն և մտահոգիչ սցենար․

Minval.az-ի հրապարակումներից մեկն օրինակ վերնագրված է հետևյալ կերպ․ «Քոչարյանը կարող է հայտնվել մյուսների պես՝ Բաքվում՝ մեղադրյալի աթոռին»։ «Վրեժխնդրության փորձերի և դրանց հետևանքների համատեքստում Քոչարյանի, Սարգսյանի կամ նախկին համակարգի այլ ներկայացուցիչների վերադարձը կարող է տարածաշրջանային անվտանգության համար պոտենցիալ մարտահրավեր լինել»,- կարդում ենք հիշյալ հրապարակման մեջ։

Նույն հրապարակման մեջ առկա են նաև այն շեշտադրումները, որ 1990-ականների և 2000-ականների քաղաքականությանը վերադարձ չի լինելու։ Հոդվածագիրը նշում նաև, որ Բաքուն «ռևանշիզմը» չի հանդուրժելու՝ սպառնալով, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն «կանխարգելիչ» միջոցառումներ:

Azernews-ի վերլուծական նյութերում էլ Քոչարյանի հնարավոր քաղաքական վերադարձը ներկայացվում է ոչ միայն որպես ներքաղաքական փոփոխություն, այլ նաև որպես գործոն, որը կարող է ազդել տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա և փոխել ներկայիս ստատուս-քվոն։

Այս համատեքստում փաստենք, որ ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը դիտարկվում է որպես անցյալի հակամարտային տրամաբանության վերակենդանացման ռիսկ։ Առավել հաճախ այդ հրապարակումներում հնչում են այն մտահոգությունները, որ Քոչարյանի վերադարձից հետո Ադրբեջանի դիրքերը կարող են թուլանալ, կամ առնվազն ուժերի բալանսավորում տեղի ունենա։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական հասարակական և քաղաքական խոսույթում առկա է բավականին զգայուն վերաբերմունք Հայաստանի ընդդիմության հնարավոր հաջողությունների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նկատմամբ։ Այս սցենարը հաճախ ներկայացվում է Բաքվի շահերի տեսանկյունից անցանկալի և մտահոգիչ զարգացում՝ դրանից բխող հետևանքներով։

Հավելենք նաև, որ որոշ հրապարակումներում քննադատության է ենթարկվում և թիրախավորվում նաև Սամվել Կարապետյանն ու նրա առաջնորդած քաղաքական ուժը (Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 18-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել), սակայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժն անհամեմատ ավելի «ինտենսիվորեն» է թիրախավորվում, անվանվում «պատերազմի հրձիգ» և այլն։

Հարց է առաջնում, թե ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները նույն թեզերն ու խոսույթն են օգտագործում ընդդիմությանը թիրախավորելու համար: Կարծում ենք՝ հունիսի այս հարցի պատասխանը կտան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ իրենց քվեարկությամբ․․․

Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի