«Եթե մենք հաղորդում ներկայացնենք, ավտոբուսը՝ որպես իրեղեն ապացույց կառգրավեն, ու մինչև ընտրությունների ավարտ մեզ հետ չեն վերադարձնի»,- ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով կուսակցության քարոզչական ավտոբուսի վրա տեղի ունեցած հարձակմանը։
Ավելի վաղ նրանց ֆեյսբուքյան էջում գրառում էր հրապարակվել, որ անհայտ անձինք հարձակվել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսի վրա, պոկել փակցված նյութերը։
Oragir.News-ի հետ զրույցում Միքայել Նահապետյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպի և դրան հաջորդած իրավական որոշումների մասին։
Հարցին, թե ի՞նչ են մտադիր անել, և արդյո՞ք ոստիկանությունն արձագանքել է, Նահապետյանը պատասխանեց.
«Մենք սրա մասին հանրությանը հայտնել ենք, լրատվամիջոցներին տեղեկատվությունը տվել ենք, բայց հաղորդում ներկայացնել չենք ուզում»։
Նա բացատրեց նաև, թե ինչ պատճառների հիման վրա չեն ցանկանում հաղորդում ներկայացնել ոստիկանությանը.
«Քանի որ իրավապահ մարմինները կատարում են քաղաքական խնդիրներ, կա ողջամիտ ենթադրություն, որ հաղորդում տալու դեպքում ավտոբուսը կառգրավվի որպես իրեղեն ապացույց»։ Նա ընդգծեց. «Մենք չունենք այնքան ռեսուրս, որ այդպիսի մի հատ էլ ավտոբուս ճարենք»։
Նա նշեց նաև, որ ավտոբուսը կայանված է եղել Հանրապետության հրապարակի մերձակայքում՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակներում, և ըստ իր ենթադրության՝ «Վարդանանց պատերազմի հին բարի ավանդույթներով ինչ-որ հարբած փղեր են դա արել»։ Նրա խոսքով՝ այդ անձանց քաղաքական պատկանելիությունը բավականին հստակ է՝ հաշվի առնելով ավտոբուսի գտնվելու վայրը, և իշխանությունների լռությունը։
Այս պահի դրությամբ կուսակցությունը չունի կատարվածի տեսագրությունը, ուստի Նահապետյանը հորդորեց տարածքի բնակիչներին կամ հարևանությամբ տեսահսկող տեսախցիկներ ունեցող անձանց տրամադրել տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի շարք անձինք վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։ Տեղում եղած քաղաքացիներին այդ անձինք ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունը։
Իրինա Ատանյան