Ներքին 5 ամիս առաջ - 11:54 24-04-2026

Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:

Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման համար։

Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների:

Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին:

Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2025 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով: Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում