Ներքին 4 ամիս առաջ - 11:05 24-04-2026

Ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, ինչը մեզ պարտավորեցնում է լինել միասնական․ Վեհափառ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։

Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։

Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։

Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն»:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան