Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 18:00 14-04-2026

Քոչարյանի որդու բիզնեսը կապ ունի՞ «Ապառաժ»-ի հետ․ ո՞վ է վճարել հարկային պարտավորությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն ինչ-որ ժամանակ ունեցել է ՊԵԿ վարչական ակտ, որը վճարվել է «Գրիտտի» ՍՊԸ-ի («Լա գալերիա» խանութ) քարտով։

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Լա Գալերիա» խանութի սեփականտերերից մեկը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին 80 տոկոս բաժնեմասով, և Պերճ Օհանյանը 20 տոկոս բաժնեմասով։




Նախ՝ տեղեկացնենք, որ «Ապառաժ» ՍՊԸ-ն զբաղվում է հորատապայթեցման աշխատանքներով, հանքարդյունաբերական պայթեցումներով, պայթուցիկ նյութերի կիրառմամբ և խոշոր շինարարական նախագծերի իրականացման աշխատանքներով։

Պերճ Օհանյանի գործունեությունը հիմնականում սահմանափակվում է «Գրիտտի» ՍՊԸ-ի շրջանակում և «La Galleria» առևտրային բիզնեսի հետ կապերով։ Նրա մասին լայն կենսագրական կամ քաղաքական տեղեկություններ հրապարակված չեն։

Նշենք, որ լյուքս դասի «Լա Գալերիա» խանութը գտնվում է Հյուսիսային պողոտայում, այն մի շարք համաշխարհային ճանաչում վայելող նորաձևության ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում (Dolce&Gabbana, Gucci, Alexander McQueen, Christian Dior և այլն): «Լա Գալերիայի» կազմում կողք-կողքի գործում են 4 խանութ-սրահներ: «Գրիտտի» ՍՊԸ-ի գործունեության դաշտը հստակ բաց աղբյուրներում մանրամասն նկարագրված չէ, միայն հայտնի է, որ գրանցվել է 2007 թվականին և կապվում է խանութային գործունեության և բիզնես կառավարման հետ։

Այսինքն՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ այս երկու ոլորտները՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն և «Գրիտտի» ՍՊԸ-ն միմյանց հետ կապ չունեցող ոլորտներ են․ մեկը՝ պայթեցնում է, մյուսը՝ բարձրակարգ հագուստ ներկայացնում, և բնականաբար, տարօրինակ է հարկային ակտը այլ ընկերության քարտով վճարելը, քանզի յուրաքանչյուր ընկերություն պետք է իր հարկերը վճարի իր հաշվից։

Ինչ կարող է նշանակել այդ իրավիճակը և ինչ բացատրություն կարող է այն ունենալ։

Չի բացառվում, որ ընկերությունները կարող են ունենալ ֆինանսական փոխկապակցվածություն օրինակ՝ փոխառություն կամ ծառայության դիմաց փոխհաշվարկ։ Վարկած է նաև այն է, որ «Ապառաժը» և «Գրիտտի - Լա Գալերիան» ձևականորեն տարբեր ընկերություններ են, սակայն ունեն նույն սեփականատերերը կամ շահառուները, և այսպիսով մեկը վճարում է մյուսի պարտքը։ Իսկ եթե այդպես չէ, ապա չկա բացատրություն, և դա կարող է դիտվել որպես ոչ թափանցիկ ֆինանսական հարաբերություն։

Եթե տեղեկատվությունը ստույգ է, ապա ողջամիտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՊԵԿ-ի տուգանքը վճարվել Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերության քարտով։

Oragir.News-ը երկու ընկերություններից էլ փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է պատահել, որ մեկի վարչական ակտը վճարել է մյուսը։

«Լա Գալերիայի» հետ կապվել չհաջողվեց, իսկ «Ապառաժ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Պետրոս Մարտիրոսյանը մեր հարցերի հետ կապված մանրամասներ ներկայացրեց․ «Ես արդեն 12 տարի այս ընկերությունում գլխավոր հաշվապահ եմ աշխատում և առաջին անգամ եմ լսում նման բան։ Անկեղծ ասած, չեմ հասկանում դրա տրամաբանությունը․ յուրաքանչյուր ընկերություն իր պարտավորությունները կատարում է իր բանկային հաշիվներով»։

Ըստ 2023 թվականի հաշվետվության տվյալների՝ «Ապառաժ» ՍՊ ընկերության ֆինանսական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են 2022-ի համեմատ։



«Այս աճը կարելի է պայմանավորել գործունեության ծավալի և ուղղությունների ընդլայնմամբ։ Եթե համեմատում ենք, օրինակ, 2022 և 2023 թվականները, ապա այդ ընթացքում ընկերությունը զարգացրել է իր գործունեությունը․ բացի հորատապայթեցման աշխատանքներից, սկսել է զբաղվել նաև շինարարությամբ, ճանապարհաշինարարությամբ, ունի ասֆալտի և խճի արտադրություն։ Այսինքն՝ շահույթի աճը կարելի է բացատրել ոչ միայն մեկ ուղղությամբ, այլև ընդհանուր գործունեության ընդլայնմամբ»,- պարզաբանեց «Ապառաժ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը:

ՀԳ․ Հրապարակումից հետո «Գրիտտի» ՍՊԸ տնօրեն Ի․ Հարությունյանը կապ է հաստատել Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ «Գրիտտի» ՍՊԸ-ն «Ապառաժ» ՍՊԸ-ի վարչական ակտը չի վճարել։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին