Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:53 03-04-2026

Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին. Լևոն Զուրաբյան

Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու նշանակությունը կարծես ամբողջ խորությամբ չի հասկացվում: Փաշինյանն ինքը և իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Այս ասողները հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ քաղաքականությունից հեռու մարդիկ չեն հասկանում հակամարտությունների կարգավորման դիվանագիտության կարևորագույն սկզբունքները:

Ոչ միայն Պուտինը, այլ նաև ՌԴ նախկին նախագահ Ելցինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահներ Քլինթոնը, Բուշը և այլք, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և դրա մասին արել բազմաթիվ հայտարարություններ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քանի դեռ հակամարտության կողմերը (1994 թվականի միմչև1999-ը Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, իսկ 1999 թվականից` բանակցությունների ձևաչափից Լեռնային Ղարաբաղին դուրս դնելուց հետո` Հայաստանն ու Ադրբեջանը) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության չէին եկել, աշխարհը շարունակում էր համարել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ գոյություն ունի հակամարտություն, որը լուծված չէ, բայց պետք է լուծվի խաղաղ բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից բանակցությունների սեղանին դրվում էին խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնց իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը անորոշ ժամանակով պիտի առկախվեր, իսկ Արցախը պիտի ստանար դե ֆակտո անկախություն` հաստատված խաղաղության պայմաններում:

Այս հնարավորությունը վերջնականապես փակեց Նիկոլ Փաշինյանը` 2022 թվականին ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, որ փակել է ղարաբաղյան շարժումը և նա արել է դա հենց 2022 թվականի իր որոշումով:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումով` հակամարտությունը, որի հիմքում դրված էր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կաևգավիճակի շուրջ, ֆորմալ առումով ավարտվեց, որովհետև հակամարտության ճանաչված կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը եկան համաձայնության: Այդ պահից սկսած Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի տեսակետից դարձավ «ապօրինի անջատողական միավորում», որի ոչնչացման համար Ադրբեջանն ստացավ բոլոր իրավունքները: Ոչ ռուսները, որոնց խաղաղապահները, ի դեպ, չունեին անգամ կրակ բացելու մանդատ, ոչ որևէ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն այլևս իրավունք չունեին խոչընդոտելու Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությանը», ինչի մասին վկայեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցած ամուլ քննարկումները:

Ադրբեջանը չէր կարող բաց թողնել ստեղծված հնարավորությունը. եթե հապաղեր, Արցախի Հանրապետության շարունակական գոյությունը նորից կլեգիտիմացվեր որպես իրողություն գետնի վրա: Այո, Արցախից հայերի ցեղասպանական տեղահանումն իրականացրեց Ադրբեջանը, բայց նման քայլի անպատժելիությունը և որևէ միջազգային հետևանքի բացակայությունն ապահովեց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին: Իսկ թե ինչու նա այդպես վարվեց, դա մեկ այլ հրապարակման առարկա է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի