Մամուլ 3 տարի առաջ - 08:24 02-03-2023

Երբ հղում են անում Փաշինյանի... խղճին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այդպիսի արտահայտություն կա՝ «դիվանագիտական լեզու»: Սովորաբար «դիվանագիտական լեզուն» գործածվում է քաղաքական հարաբերությունների «բարձրագույն լիգայում», բարձրաստիճան դիվանագետների քննարկումներում, հայտարարություններում, ասուլիսներում: Մյուս կողմից՝ երբ բարձրաստիճան դիվանագետներն սկսում են զգացմունքային բառեր ու արտահայտություններ գործածել, պետք է հասկանալ, որ բանը բանից անցել է կամ առնվազն բանը բուրդ է: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս այցելել էր Բաքու, որտեղ հանդիպեց Ալիևի հետ, ապա իր ադրբեջանական գործընկերոջ հետ ասուլիսվեց:

Եվ ահա, այդ ասուլիսում Լավրովին ուղիղ հարց են տալիս, թե նա ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Լավրովն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ «Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»: Այո, խղճին է թողնում: Փաշինյանի... Իսկ հետո էլ Լավրովը բավականին երկար խոսեց այն մասին, որ Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդներն են տարածաշրջանի համար վտանգ ներկայացնում, և որ իրենք տեսնում են, թե «ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը...», և այլն, և այլն (կարդացած կլինեք):

Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել Լավրովի ոչ այնքան դիվանագիտական, որքան՝ հրապարակախոսական հռետորաբանությունից: Նախ՝ «ռազմավարական դաշնակից» համարվող Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասել են վատացման կրիտիկական կետի, չնայած Կրեմլը հանդուրժում է Փաշինյանի ռեժիմը միայն այն բանի համար, որ ունի ինչ-ինչ եռակողմ պայմանավորվածություններ, որոնց իրականացումը, կարծում է, տարածաշրջանում իրենց ինչ-որ բան դեռ կարող է տալ: Երկրորդ՝ Ռուսաստանում ըստ արժանվույն կամ համարժեք են գնահատել Հայաստանի անվտանգությանն սպառնալու մասին Փաշինյանի հայտարարությունը:

Եվ եթե արդեն նրա խղճին են հղում անում, ապա կարելի է չկասկածել, որ հետևանքները կարող են բավականին անխիղճ լինել, բայց արդեն ոչ թե Փաշինյանի, այլ առհասարակ՝ Հայաստանի ու հայության համար: Երրորդ՝ Ռուսաստանը նախընտրում է խոսել կամ պայմանավորվել Հայաստանի ռազմավարական թշնամի Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ուղղակիորեն հայկական շահերին վերաբերող հարցերում: Իսկ ո՞ւր է Հայաստանը: Իսկ Հայաստանը այդ քննարկումներում ընդամենը սեղանին դրված օբյեկտ է, որն ով ինչպես ուզում, այնպես էլ կտրում-կարկատում է: Ի դեպ, Լավրովը միայն Բաքու գնաց, Երևան չեկավ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում