Մամուլ 4 ամիս առաջ - 08:32 27-03-2026

397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց որոշում, որով 31.5 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ (Food Depot LLC) ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, հումքի և նյութերի համար։

Կառավարությունը որոշել է.
«Բավարարել «ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը»։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսված ներմուծումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև 2027 թվականի փետրվարի 17-ը ներառյալ։

Ինչի համար է ներմուծվում հումքը
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար՝ մասնավորապես ամերիկյան արագ սննդի ցանցի համար.
««ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար (ամերիկյան Վենդիս արագ սննդի ցանցի համար)։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին»։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել.
• 210 մլն դրամ ներդրում հումքի ձեռքբերման համար։
• 187 մլն դրամ կապիտալ ներդրում։

Ընկերությունում ներկայում առկա է 62 աշխատատեղ՝ միջինը 220 հազար դրամ աշխատավարձով, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 64-ի՝ պահպանելով նույն միջին աշխատավարձը։

Այսինքն՝ ավելի քան 397 մլն դրամ ընդհանուր ներդրման դիմաց ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ։

Պետության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31.5 մլն դրամ։

Նշվում է նաև, որ.
«Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»։

ՊԵԿ-ի արձանագրած անհամապատասխանությունները
Պետական եկամուտների կոմիտեն նախագծի վերաբերյալ արձանագրել է մի շարք տվյալներ, որոնք հարցեր են առաջացնում ներկայացված տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ.
«Հայտնում ենք, որ «ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցված 30.03.2023 թ.) գործում է հարկման ընդհանուր համակարգում, ըստ ներկայացրած վերջին՝ 2026 թ. հունվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ունի 58 հարկման բազա ունեցող վարձու աշխատողներ։ Ընկերության 2024 թվականի հարկման բազա ունեցող վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակը կազմել է 57, իսկ 2025 թվականինը՝ 61»։

Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը նշում է.
«Տեղեկացնում ենք, որ ընկերության կողմից նախագծին կից ներկայացված փաստաթղթերում 2024-2025 թթ. մասով լրացված տեղեկատվությունը չի համընկնում հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ»։

Բացի այդ, 2026 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ընկերությունն ունեցել է պարտավորություններ պետբյուջեի նկատմամբ.
«Հայտնում ենք նաև, որ 23.02.2026 թ. դրությամբ ընկերությունը ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություն»։

Ասյիքնքն՝ ըստ ՊԵԿ-ի, օրինախախտ ընկերությանը Կառավարությունը արտոնություն է տալիս։

Ո՞ւմ է պատկանում «Ֆուդ Դեպո»-ն
Ընկերության տնօրենը Հրանտ Գրիգորյանն է։ Սակայն բաց աղբյուրներով վերջնական շահառու սեփականատերերի ամբողջական ցանկը հասանելի չէ։

Հայտնի է միայն, որ ընկերությունը կապվում է Connect Group բիզնես խմբի հետ, որը գործում է սննդի արտադրության, ալկոհոլային խմիչքների և HoReCa ոլորտներում։

Այսպիսով, փաստացի պարզ չէ՝ ովքեր են ընկերության վերջնական շահառուները, որոնք ստանում են պետական արտոնությունը։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ընկերության կողմից ներկրվելիք սառեցված տավարի միսը գործադիրը՝ Էկոնոմիկայի նախարարության ձեռամբ, համարում է «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտություն»։ Եվ այս երկարաշունչ անհրաժեշտության համար պետությունը նախատեսում է 31.5 մլն դրամի մաքսային արտոնություն տրամադրել ընկերությանը՝ ստեղծելու ընդամենը 2 նոր աշխատատեղ։

Իսկ թե ինչքանով է կիսաֆաբրիկատների հումքի ներմուծման համար օգտագործվելիք սառեցված միսը գերակա ոլորտ, մնում է անհասկանալի։ Առավել անհասկանալի է, թե ինչու է նախագիծը հաստատվել չզեկուցվող հարցերի թվում։ Այն դեպքում, երբ քննարկման ժամանակ պետք է հրապարակավ պարզաբանվեին գոնե 3 կարևոր հանգամանք.
• առկա են հարկային տվյալների անհամապատասխանություններ։
• ընկերությունն ունի ժամկետանց պարտավորություններ։
• հանրությանը հայտնի չեն վերջնական շահառու սեփականատերերը։

Այս պայմաններում ինչ տնտեսական էֆեկտ է ակնկալում պետությունը նման ծավալի մաքսային արտոնությունից, և արդյոք հանրային շահը համարժեք է տրամադրվող արտոնությանը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»