Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:20 25-03-2026

Նույն սխալն ենք կրկնում․ պլաստիկից կտրուկ հրաժարվելու որոշումը ձախողվելու է

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է էականորեն սահմանափակել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի կիրառությունը։ ՇՄՆ հրապարակած նախաձեռնությունը նախատեսում է արգելել պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ սպասքի շրջանառությունը՝ խթանելով դրանց փոխարինումը ավելի էկոլոգիապես ընդունելի տարբերակներով՝ թղթե, կտորե կամ փայտանյութից պատրաստված արտադրանքով։ Այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում բնապահպանական համայնքում։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ նման կտրուկ սահմանափակումները, առանց համակարգային և փուլային քաղաքականության, կարող են կրկնել նախորդ փորձի սխալները։

«Անկեղծ ասած, սկզբից մեծ վստահություն չկար այդ օրենսդրական փոփոխության նկատմամբ։ Չէինք հավատում, որ նոր՝ ավելի հաստ տոպրակները կդառնան խթան, որպեսզի մարդիկ պակաս օգտագործեն պլաստիկ»,- նշեց Ադամյանը՝ անդրադառնալով պոլիէթիլենային տոպրակների հաստության վերաբերյալ նախկին օրենսդրական փոփոխությանը, որն ուժի մեջ մտավ 2022-ին։

Բնապահպանը կարծիք հայտնեց, որ խնդիրը պետք էր լուծել ոչ թե տեխնիկական սահմանափակումներով, այլ տնտեսական գործիքներով։

«Մենք առաջարկում էինք սահմանել այնպիսի գին պոլիէթիլենային տոպրակների համար, որը կստիպեր սպառողին ինքնուրույն հրաժարվել դրանցից՝ օրինակ՝ մոտ 500 դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս առաջարկը չի ընդունվել։

Անդրադառնալով ՇՄՆ նոր նախաձեռնությանը՝ բնապահպանն այն ոչ իրատեսական որակեց։ «Սա բավականին կտրուկ մոտեցում է, և առանց փուլային անցման կարող է խնդիրներ առաջացնել»,- նշեց նա։

Ադամյանը կարևորեց նաև վերահսկողության հարցը՝ ընդգծելով, որ այն պետք է ուղղված լինի տնտեսվարողներին։ «Պարզ է, որ անհնար է վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու։ Վերահսկողությունը պետք է իրականացվի առևտրային օբյեկտների նկատմամբ»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ, բնապահպանն ուշադրություն հրավիրեց պոլիէթիլենային տոպրակներ արտադրողների խնդրին․ «Շատերը ներդրումներ են կատարել, սարքավորումներ գնել, աշխատակիցներ ունեն։ Բնական է, որ նրանց կողմից դժգոհություն կլինի»։

Բացի այդ, առկա են նաև շուկայի հետ կապված ռիսկեր։ «Այսօր կան խաբուսիկ լուծումներ․ օրինակ՝ թղթե բաժակների անվան տակ հաճախ օգտագործվում են ներսից պլաստիկապատ տարաներ, որոնք իրականում չեն վերամշակվում»,- զգուշացրեց մասնագետը և հավելեց,- «Հայաստանում վերամշակման համակարգը դեռևս շատ թույլ է զարգացած։ Աղբավայրերում մեծ մասը պլաստիկ է, և հաճախ այն պարզապես այրվում է։ Աղբի այրման գործարանների հնարավոր ներդրումը ևս մտահոգիչ է»։

Ամփոփելով՝ բնապահպանն ընդգծեց․ «Առանց համակարգային, փուլային և իրատեսական քաղաքականության՝ պլաստիկից կտրուկ հրաժարվելը դժվար թե ցանկալի արդյունք տա»։

Հիշեցնենք, որ 2022-ին կատարված օրենսդրական փոփոխությամբ արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը առևտրի կետերում՝ նպատակ ունենալով նվազեցնել դրանց սպառումը։ Հույս կար, որ կկրճատվի նաև պոլիէթիլենային աղբի քանակը։ Սակայն իրականում արդյունքը հակառակն եղավ. ավելի հաստ տոպրակները դարձան ավելի վնասակար, քանի որ ավելի երկար են պահպանվում բնության մեջ, չեն վերամշակվում, իսկ այրվելիս ավելի թանձր ծուխ են արձակում։

Հ.Գ.: Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք՝ 100–150 հազար դրամի չափով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ