Ներքին 6 ամիս առաջ - 13:44 21-03-2026

ՔՊ-ի ջղաձգումները պարտությունից իրենց վախերի դրսևորումներն են. Գեղամ Մանուկյան

Իշխանության վարքագծում նկատվող լարվածությունն ու սրացումները պայմանավորված են ներքաղաքական զարգացումներով և աճող անհանգստություններով։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան-ը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում իր և Վահագն Ալեքսանյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը։ Պատգամավորի խոսքով՝ իշխող ուժի վերջին շրջանի պահվածքը պատահական չէ․ «Վերջին շրջանում շատ է նկատվում էդպիսի պահվածք։

Բնականաբար, ջղաձգությունները նաև իրենց բոլոր անհանգստությունների, վախերի հետևանք են՝ ընդհանուր մթնոլորտից, պարտությունից»։

Անդրադառնալով մամուլի նկատմամբ իշխանականների վերաբերմունքին՝ Մանուկյանը շեշտեց, որ խնդիրը նոր չէ, սակայն տարիների ընթացքում խորացել է․

«Մամուլի դեմ հերթական անգամ հարձակումը շատ ավելի խորքային է և առաջին տարին չէ, և ցավոք սրտի այս առումով հանրային հակազդեցությունը, քաղհասարակության, մամուլի պաշտպան կազմակերպությունների և նաև հենց լրատվամիջոցների հակազդեցությունը անհամաչափ է եղել, ինչն ավելի անբռնազբոս և սահմաններն անցած է դարձրել այս վարքագիծը»։

Նա նաև արձագանքել է Վահագն Ալեքսանյանի այն դիտարկմանը, թե լրատվամիջոցները միակողմանի են լուսաբանում քաղաքական գործընթացները։

Մանուկյանի խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում․ «Լավ, նույնիսկ մասնավոր լրատվամիջոցներին մի կողմ դնենք՝ ամեն մեկը իր խմբագրական քաղաքականությամբ է աշխատում։ Բայց երբ խոսքը վերաբերում է հանրային միջոցներով սնվող և գոյատևող Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոյին, այստեղ արդեն այլ պատկեր է»։

Պատգամավորը նշել է, որ հանրային հեռարձակողների բովանդակությունը հաճախ միակողմանի է։ «Եթե նայենք, օրինակ, Հանրայինի լուրերը, գրեթե ամբողջ լրատվական ծրագիրը լցված է լինելու ՔՊ-ի, այսպես ասած, քարոզարշավով, մինչդեռ ընտրությունների մասնակից այլ ուժերի գործունեությունը պարզապես չի ներկայացվում։ Սա ինքնին խտրական վերաբերմունք է և «տոտալ» քարոզչություն իշխանական կուսակցության կողմից՝ բոլոր նորմերի, սահմանների, լրագրողական էթիկայի և օրենքի խախտմամբ»,- նկատում է նա։

Մանուկյանը նաև բարձրաձայնել է իր անձնական տվյալների հետ կապված միջադեպի մասին՝ ներկայացնելով մանրամասներ։

Նրա խոսքով՝ իր հեռախոսից փոխանցվել են հազարավոր ֆայլեր․ «Տանը լրիվ այլ պատրվակով մտել են, ֆիզիկական ուժ կիրառելով վերցրել են հեռախոսը։ Հետո, երբ այն վերադարձվել է, տեղեկատվական անվտանգության մասնագետների միջոցով պարզվել է, որ մոտ 2900 ֆայլ ներբեռնվել է հեռախոսից»։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ նման գործողությունները չեն կարող իրականացվել առանց լուրջ ռեսուրսների։

«Այսպիսի լրտեսական ծրագրերը մի քանի հազար դոլար արժեն, և որևէ մասնավոր անձ կամ կազմակերպություն պարզապես չի կարող նման բան անել»,- ասաց նա` նկատելով, որ խնդիրը համակարգային բնույթ ունի,- «Այսօր Հայաստանում տոտալ վերահսկողություն է՝ գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ, հետապնդումներ, անձնական տվյալների յուրացում, և սա դարձել է համատարած երևույթ»։

Անդրադառնալով իրավական գործընթացներին՝ Մանուկյանը նշեց, որ արդեն դիմել է համապատասխան մարմիններին, սակայն արդյունք չի եղել․

«Դատախազություն երկու անգամ հաղորդում եմ ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ, երկու անգամ գրությունը գնացել է նույն Քննչական կոմիտե, և նրանք հանցակազմ չեն տեսել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում