Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 17:49 03-03-2026

Իրանի հարվածը Թուրքիային չի բացառվում. ինչու է Թեհրանը հապաղում

Մերի Հակոբյան

Լրագրող

Իրան-Իսրայել-ԱՄՆ լարվածության ֆոնին երեկ ու այսօր շրջանառվում էին լուրեր, թե Իրանը հարվածել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազային, սակայն այս տեղեկությունները հերքվեցին թուրքական աղբյուրների կողմից։

Քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ նման լուրերը կարող են լինել տեղեկատվական պատերազմի մաս։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետը անդրադարձավ ուշադրության արժանի այն հարցին, թե ինչո՞ւ է Իրանը հարվածներ հասցնում արաբական երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին, սակայն խուսափում է Թուրքիայի տարածքում գտնվող՝ Ինջիրլիքի ռազմաբազային հարվածելուց, և ինչո՞ւ են ասյ մասին կեղծ լուրեր տարածվում։

«Երբ մի տեղեկություն բազմիցս կրկնվում է, բայց չի հաստատվում ոչ մի կողմից, պետք է հասկանալ՝ ում է դա ձեռնտու։ Ժամանակակից պատերազմներում հաճախ տեղեկատվական դաշտում է ձևավորվում ընկալումը»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև հստակեցրեց, որ Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան է, ոչ թե ՆԱՏՕ-ի ինքնուրույն բազա։ Պողոսյանի դիտարկմամբ՝ այն փաստը, որ Իրանն այս պահին չի հարվածել Ինջիրլիքին, չի նշանակում, որ նման սցենարը բացառված է։

«Եթե այսօր չի հարվածել Ինջիրլիքին, ապա դա չի նշանակում, որ վաղը չի հարվածի, երբ իրավիճակը կփոխվի կամ Թուրքիայի վարքագիծը կգնահատվի որպես բացահայտ թշնամական։ Ամեն ինչ կախված է քաղաքական և ռազմական հաշվարկներից»,- ընդգծեց քաղաքագետը։

Իրանը չի կարող հարվածել ԱՄՆ-ի ցամաքային տարածքին

Թևան Պողոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն իր ռազմական գործողությունները կառուցում է սեփական կարողությունների, հաշվարկների և նպատակների հիման վրա։ Այս առումով՝ Իրանի կարողությունները սահմանափակ են

«Իրանը չի կարող հարվածել ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքին։ Ուստի հարվածում է այն թիրախներին, որոնք հասանելի են՝ Իսրայելի տարածքին կամ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին՝ դա ներկայացնելով որպես հարված ԱՄՆ-ին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Իրանը հայտարարել է, որ արաբական աշխարհն իր թիրախը չէ, և հարվածներն ուղղված են բացառապես ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Սակայն եթե որևէ երկիր հանդես գա բացահայտ թշնամական գործողություններով, ապա իրավիճակը կարող է փոխվել։

Վերստին անդրադառնալով պատերազմի մասին կեղծ լուրերին, քաղաքագետը նկատեց, որ ժամանակակից պատերազմներում տեղեկատվական գործոնը ոչ պակաս ազդեցիկ է, քան ռազմական գործողությունները։

«Այսօր պատերազմը միայն ռումբերով չէ։ Տեղեկատվական բաղադրիչը հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի, քան ֆիզիկական հարվածները։ Ցանկացած տեղեկություն պետք է դիտարկել՝ հասկանալով դրա աղբյուրը, նպատակը և շահառուներին», - ընդգծեց մեր զրուցակիցը։

Թուրքիան՝ որպես միջնորդ

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր միջնորդական դերակատարությանը՝ քաղաքագետը նշեց, որ Անկարան ավանդաբար փորձում է օգտագործել տարածաշրջանային ճգնաժամերը սեփական դիրքերն ամրապնդելու համար։

«Թուրքիան իր շահերով է առաջնորդվում և փորձելու է առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Դա թուրքական դիվանագիտության գործիքակազմի մի մասն է»,- ընդգծեց Թևան Պողոսյանը, ամփոփելով՝ «Պետք է հասկանալ՝ տվյալ երկիրն ինչ հաշվարկով է գործում, ինչպես է փորձում պաշտպանել իր շահերը և ինչ նպատակներ է հետապնդում տվյալ իրավիճակում»։

Նշենք նաև, որ արաբական որոշ երկրներ արդեն դիմել են ԱՄՆ-ին հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալու խնդրանքով, ինչը հիմք է ենթադրելու, որ պատերազմը կարող է ձգձգվել ու ծավալվել՝ ընդգրկելով հարևան երկրները։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում