Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 21:17 10-12-2025

Փախստականների հարցը՝ քաղաքական լծակ. Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումով չի բավարարվում

Երևանի և Բրյուսելի միջև կնքվել է փաստաթուղթ, որի մի շարք կետերին ադրբեջանական կողմը չի համաձայնում՝ պնդելով, որ դրանք պետք է հեռացվեն։

«Փաստաթղթի նախաբանում և դրա մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, որ վերաբերում է Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո կամավոր կերպով Հայաստան տեղափոխված մարդկանց, ինչպես նաև այս հարցի ընդգրկումը ԵՄ և Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է»,- պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

«Բացի այդ, փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը ԵՄ ներդրմանը, նշվում է Միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարման մասին։ Որևէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ հայտարարելով, թե փոխադարձ հայցերի թեման, «բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում»։

Պաշտոնական Բաքուն բողոքում է նաև, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերեվարված անձինք»։ Բաքուն նաև դժգոհ է, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, փոխարենը «հիշատակվում է տարածաշրջանային կոնեսնսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։ «Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված», - ասված է հայտարարությունում։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածով կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով, հավելյալ անհանգստություն է առաջացնում, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչական գործիք օգտագործվող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը դադարեցնելու փոխարեն Երևանն ու Բրյուսելը այդ առաքելության ներկայության պահպանումը և դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հիշատակված առաջնահերթություններից բացի, ռազմական և պաշտպանական թեմաների շեշտադրումը նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային»,- եզրափակում է գերատեսչությունը։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ով նշեց, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը նորություն չէ։

«Խաղաղության գործընթացին խոչընդոտող մի հանգամանք էլ Ադրբեջանի քաղաքականությունն է: Սա գաղտնիք չէ, նրանք բացահայտորեն նպատակ ունեն վերջնականապես փակել ղարաբաղյան հարցը, և ցանկացած հիշատակում, այդ թվում նաև փախստականների խնդիրների մասին, հակասում է իրենց ծրագրերին։
Նրանք պնդում են, որ Հայաստանը հրաժարվել է Մինսկի խմբից և անցել է այլ լուծումների, բայց հիմա, երբ Հայաստանը ստորագրել է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ Եվրամիության հետ, դրա մեջ ընդգրկված է փախստականների հարցը։ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել՝ այս կետից հրաժարվելու համար, սակայն չեն կարող այն փոխել, քանի որ փաստաթղթում նրանք կողմ չեն, և փաստացի արդեն 3-րդ կողմ են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հրաժարվել այս կետից՝ գնահատելով իրավիճակը՝ տեսանելի է, որ փաստաթուղթը արդեն ստորագրված է, և որևէ շանս չկա, որ Հայաստանը հրաժարվի այն կետից, որը վերաբերում է փախստականներին»,- նշեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին