Ներքին 10 ամիս առաջ - 22:05 09-12-2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում ունեցած ելույթում խոսել է Ցեղասպանության կանխարգելման խնդրից

Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ ​​Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի մշակումն ու զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելման գործում, իսկ տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների և զենքերի զարգացումը չեն նվազեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։ Մարդածին այս աղետների կանխարգելման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակին և համախմբված արձագանքի ապահովման կարևորությունը։ Նշել է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ կարևորելով գործառնական ու քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2024թ. Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նշանակությունը:

Անդրադառնալով ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում համակարգային փոփոխություններին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։

Ծանոթագրություն․ 2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։

2025թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում