Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 19-09-2025

Սեպտեմբերի 19-ը վաղուց պետք է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր հռչակվեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ սեպտեմբերի 19-ը սահմանվել է որպես Արցախի ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։ Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանի հետ:

Այն հարցին, թե այս որոշումը ինչպե՞ս կանդրադառնա արցախցիների միավորման և պայքարը շարունակելու վճռականության վրա, Սայիդա Պողոսյանը պատասխանեց, որ որոշումը ճիշտ էր, բայց՝ ուշացած.

«Իրականում Ազգային ժողովը շատ ճիշտ որոշում է ընդունել։ Այս որոշումը պետք է վաղուց ընդունվեր, քանի որ սա խորհրդանշական օր է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը քայլեր չի անում, ուրեմն Արցախի իշխանությունները՝ Կառավարությունը և Ազգային ժողովը, եկել են այն եզրակացության, որ սա իսկապես անհրաժեշտություն է արցախցիների համար»։

Նա ընդգծեց, որ օրը նաև պարտավորեցնող է պայքարը շարունակելու համար․

«Մենք ոչ մի օր չսգացինք Արցախի կորուստը, ոչ մի օր սուգ չպահեցինք։ Մենք միայն կարողացանք մազապուրծ լինելով դուրս գալ Արցախից։ Ե՛վ հուշաքարի տեղադրումը, և՛ հիշատակի օրը կօգնի փոքր-ինչ ցավը սփոփել, իսկ պայքարի հարցում, իհարկե, սա ավելի պարտավորեցնող կլինի մեզ համար, քանի որ յուրաքանչյուր արցախցի, ինչպես նշում են Հայաստանի Հանրապետության բոլոր տոն և սգո օրերը, էնպես էլ կնշեն այս օրը։ Եվ սա ոչ միայն Արցախի ցավն է, սա համաշխարհային ցավ է։ Ցեղասպանություն է տեղի ունեցել, որի մասին մենք էս պահին լռում ենք։ Եվ քանի լռում ենք, մեր նկատմամբ շարունակվելու են և՛ բռնաճնշումները, և՛ չի բացառվում նոր ցեղասպանություններ։ Դուք տեսնում եք՝ ամբողջ աշխարհում ինչ է կատարվում, չդատապարտելով Հայոց ցեղասպանությունը, չդատապարտեցին Արցախում կատարվածը՝ Մարաղա, Սումգայիթ և այլն: Էնպես որ, սա կոչ է և համախմբման հնարավորություն, որ կարողանանք պայքարը շարունակել։ Թեև այս պահին մենք վերադարձը տեսնել չենք կարող, բայց սա պարտավորեցնող օր է»։

Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի պապի վերջին հանդիպմանը, որի ընթացքում նաև քննարկվել է արցախահայերի ճակատագիրը՝ Սայիդա Պողոսյանը նշեց.

«Անկեղծ ասած՝ ամբողջ աշխարհից ակնկալիքներ չունենք, սկսած Հռոմի պապից մինչև այլ կաթոլիկ կամ հոգևոր աշխարհի ներկայացուցիչներից, քանի որ, երբ արցախցին 2020-ին պատերազմում էր, 2023-ին ցեղասպանվում էր, ամբողջ աշխարհը լուռ էր։ Աշխարհը լուռ լինելով, էդ բումերանգը մի օր էլ կարող է հենց իրենց վերադառնալ։ Այնպես որ՝ մեծ ակնկալիքներ ոչ ոքից չունեմ։ Միայն հայ ժողովրդից և մեզանից ակնկալիքներ ունեմ»,- եզրափակեց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը