Ներքին 1 տարի առաջ - 17:22 13-09-2025

Էջմիածնում ճանապարհի հետ ասֆալտապատել են նաև կոյուղաջրերի հեռացման դիտահորը. «Հետք»

«Նկարում նշված հատվածում, մինչև ճանապարհի ասֆալտապատումը, եղել է կոյուղաջրերի հեռացման դիտահոր: Սակայն, ասֆալտապատումից հետո բնակիչները դիտահորը չեն գտնում: Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի խաչմերուկից սկսվող Սբ. Մովսես Խորենացի-Տերյան ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2025թ. օգոստոսի 31-ի կեսգիշերին, որպեսզի ճանապարհը սեպտեմբերի 1-ին բաց լինի դպրոցականների համար: Սակայն, լույսը բացվելուն պես, Խորենացի փողոցի 4 սեփական տան բնակիչները նկատել են, որ կոյուղու դիտահորն անհետացել է: Պարզվել է, որ դիտահորը ևս ասֆալտապատել են ու հետքը «կորցրել»:
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ անցկացվել է նոր կոյուղագիծ:

Բնակիչներից Վարդան Առաքելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Խորենացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2025թ. ապրիլի 28-ից: Այս ընթացքում շինարարները երկու անգամ վնասել են իր առանձնատան կոյուղագիծը: Գարշահոտությունն ու կեղտաջրերը լցվել են տան տարածք: Ըստ Վ. Առաքելյանի՝ առաջին անգամ կոյուղագիծը վերանորոգել է շինարարական ընկերությունը, իսկ երկրորդ անգամ նորոգման և նոր կոյուղագծին միացնելու ամբողջ ծախսը՝ մոտ 100 հազ. դրամ, ինքն է հոգացել:

Երբ օգոստոսի 31-ի կեսգիշերին ասֆալտապատման աշխատանքներն ավարտել են, նշված 4 տների բնակիչների մտքով չի անցել, որ կարող է առավոտյան իրենց կոյուղու դիտահորը տեսնեն ասֆալտապատ վիճակում:

«Հասկանում եմ, որ ասֆալտապատումը լավ բան է, բայց չի կարելի ասֆալտապատել դիտահորն իր կափարիչով»,- ասում է Վարդան Առաքելյանը:

Նա մեկ շաբաթ է՝ սոցիալական ցանցերում գրառումներ է կատարում, նշում է Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ հույս ունենալով, որ հարցին լուծում կտրվի: 2 օր առաջ նաև գրավոր դիմում է ուղարկել՝ պահանջելով «ապաասֆալտապատել» կոյուղաջրերի հեռացման դիտահորերն այնպես, որ անհրաժեշտության դեպքում կարողանան բացել դիտահորը: Սակայն խնդրին դեռ լուծում չի տրվել:

Վարդան Առաքելյանը պատմեց, որ վերջին օրերին աշխատանքներն այնքան արագ են արել, որ նույնիսկ անձրևաջրերի հեռացման դիտահորն էին ասֆալտից բարձր տեղադրել: Գիշերով իր տնից մալուխներով հոսանք է անցկացրել, որպեսզի շինարարները կարողանան կտրել, ասֆալտի մակարդակին իջեցնել ցանցը:
Վաղարշապատի համայնքապետարանից հայտնեցին, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Լև-Շին» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Միկան» ՍՊԸ-ն:

Ճանապարհը Վաղարշապատի համայնքապետարանի կողմից դեռ ընդունված չէ: Համայնքապետարանում քննարկել են որոշ թերություններ շտկելու հարցը:
«Եթե բնակիչները դիմում են ներկայացրել համայնքապետարան, ապա սահմանված կարգով դիմումը կքննարկվի և պատասխան կտրվի»,- ասաց Վաղարշապատ համայնքի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը:

Նշենք, որ Էջմիածնում սուբվենցիոն ծրագրերով վերջին ամիսներին մի քանի ճանապարհ է հիմնանորոգվել: Այս ընթացքում պարբերաբար շրջայցեր են կազմակերպել և աշխատանքերին տեղում հետևել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Արմավիրի մարզպետը և այլն: Ծախսվել են միլիոնավոր դրամներ, սակայն բնակիչները դժգոհում են կատարված աշխատանքների որակից: Առաջիկայում կանդրադառնանք հիմնանորոգված ճանապարհների թերություններին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին