Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Լուսինե Սարգսյանը 42 տարեկանում մահացել է՝ թողնելով ինը երեխա, որոնց մեծ մասը մոր մահվան պահին անչափահաս են եղել։ Տարիներ շարունակ գրանցված աշխատող կնոջ աշխատավարձից պահումներ են կատարվել կուտակային կենսաթոշակային ֆոնդի համար, սակայն նրա մահից հետո ընտանիքը չի կարողացել ստանալ մոր անվամբ կուտակված գումարը։
Ավելին՝ տարիներ անց տեղեկացել են, որ այն փոխանցվել է պետական բյուջե։
Լուսինե Սարգսյանը շուրջ տասը տարի աշխատել է տարբեր կառույցներում՝ այդ թվում Ազատանի միջնակարգ դպրոցում՝ որպես հավաքարար, ինչպես նաև գյուղապետարանում։ Կինը միայնակ մայր էր, իսկ նրա մահից հետո երեխաների խնամակալությունն ստանձնել է ավագ որդին՝ Գևորգ Սարգսյանը։
Oragir.News-ի հետ զրույցում Գևորգ Սարգսյանը պատմեց, որ մոր մահից հետո փորձել է ստանալ նրա կուտակային կենսաթոշակային հաշվին եղած գումարը, քանի որ այդ տարիներին ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է եղել, իսկ երեխաների մեծ մասը դեռ անչափահաս էր։
«Մամայիս մահանալուց առաջ գիտեի, որ ամեն ամիս աշխատավարձից գումար է գնում կենսաթոշակային ֆոնդին, որ իրեն թոշակ տան։ Մենք բազմանդամ ընտանիք ենք՝ ինը երեխա էինք, ու մորս մահանալու ժամանակ երեխաների մեծ մասը անչափահաս էր։ Իր մահից հետո փորձել եմ դիմել, որ ստանամ այդ գումարը, որովհետև մենք դրա կարիքը շատ ունեինք։ Դատարան էլ եմ դիմել, նամակով պատասխան են ուղարկել, որ այդ գումարը փոխանցվել է պետբյուջե։ Գումարի չափը մենք չգիտենք, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել»,- ասաց Գևորգ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընտանիքին հայտնի չէ, թե որքան գումար է կուտակվել մոր կենսաթոշակային հաշվին։
Գևորգը նշում է, որ մոր աշխատավարձը տարբեր տարիներին տարբեր է եղել, սակայն վստահ է, որ աշխատավարձից պարբերաբար պահումներ են կատարվել։ «Աշխատավարձի չափը չգիտեմ, որովհետև տարբեր ժամանակահատվածներում տարբեր է եղել։ Մորս մահից անցել է ինը տարի, շատ բաներ չեմ հիշում աշխատավարձի հետ կապված, բայց գիտեմ, որ աշխատավարձից միշտ պահում էին կենսաթոշակային ֆոնդի համար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների աշխատավարձից և պետական հատկացումներից ձևավորվում են կենսաթոշակային կուտակումներ։ Այդ գումարները ներդրվում են կենսաթոշակային ֆոնդերում, իսկ յուրաքանչյուր մասնակցի հաշվին հաշվառվում են իրեն պատկանող ֆոնդի փայերը։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվին առկա միջոցները կարող են ժառանգվել։ Ժառանգն իրավունք ունի դրանք փոխանցել իր կենսաթոշակային հաշվին կամ ստանալ միանվագ վճարի տեսքով։
Սակայն օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է նաև, որ եթե մահացած մասնակիցը ժառանգ չունի, կամ նրա մահվանից հետո երեք տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը Կենտրոնական դեպոզիտարիա չի դիմել՝ կուտակված փայերն օրինական ժառանգի սեփականություն ընդունելու համար, դրանք կարող են դատական կարգով ճանաչվել անժառանգ։
Այդ դեպքում կուտակումները մարվում են, իսկ ստացված գումարը փոխանցվում է պետական բյուջե։ Այսինքն՝ մարդու մահից հետո կուտակային կենսաթոշակային միջոցներն ինքնաբերաբար պետությանը չեն անցնում․ օրենքը նախատեսում է դրանց ժառանգման հնարավորություն, սակայն ժառանգները պետք է սահմանված կարգով դիմեն մասնակիցների ռեեստրը վարողին։
Լուսինե Սարգսյանի դեպքում հարց է առաջանում՝ արդյոք պատշաճ կերպով ուսումնասիրվել է նրա ժառանգների առկայությունը, ինչ հիմքով է կնոջ կուտակային կենսաթոշակային հաշվի գումարը ճանաչվել անժառանգ և փոխանցվել պետբյուջե, ինչպես նաև ինչու ինը երեխաների ընտանիքը տարիներ շարունակ չի իմացել անգամ մոր կուտակած գումարի չափի մասին։
Անահիտ Չալիկյան