Ներքին 1 տարի առաջ - 23:52 08-09-2025

Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում. Hetq

Hetq.am-ը գրում է․

«Սեպտեմբերի 5-ին ճապոնական Օսակայից վերադարձող ՀՀ կառավարական ինքնաթիռը 2 անգամ միջանկյալ կանգառ է կատարել Մոնղոլիայում և Ղազախստանում, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել «Հետքի» հարցմանը տեղի ունեցածի վերաբերյալ:

Վարչապետին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ինքնաթիռը կանգառ կատարել Ուլան Բատորում եւ Ալմաթիում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնապես որեւէ հաղորդագրություն չի եղել Մոնղոլիա և Ղազախստան մեկնելու մասին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ ինքնաթիռն Ուլան Բատորի օդանավակայանում կանգ է առել վերալիցքավորման նպատակով: Սակայն անպատասխան է մնացել մեր հարցը, թե ինչու է բորտն այնտեղ մնացել 3 ժամ:

Պատասխան չենք ստացել նաև հարցին, թե վերալիցքավորման համար ինչու է ընտրվել հենց Ուլան Բատորը, որը բավական հեռու է Օսակա-Երեւան հետադարձ թռիչքի ամենաօպտիմալ թվացող երթուղուց: Հարկ է նկատել, որ օգոստոսի 30-ին Երեւան-Թիենծին թռիչքի ժամանակ ինքնաթիռը Մոնղոլիայի օդային տարածք չէր մտել, փոխարենը վերջնակետ էր հասել՝ չինական Ուրումչիում միջանկյալ վայրէջք կատարելով։

Միաժամանակ Փաշինյանի աշխատակազմից չեն պատասխանել, թե ինչու է օդանավը Երեւան վերադառնալիս մի կանգառ էլ Ալմաթիում արել: Այսինքն՝ այս կանգառը որևէ կերպ, այդ թվում՝ վերալիցքավորման նպատակով չի պատճառաբանվել:

ՀՀ կառավարական Airbus A319 ինքնաթիռը, ինչպես ժամանակին «Հետքին» հայտնել էին վարչապետի աշխատակազմից, նախատեսված է մինչեւ 5600 կմ հեռավորության թռիչքների համար:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Օսակա-Ուլան Բատոր թռիչքի հեռավորությունը, ըստ flightaware.com-ի, եղել է շուրջ 3050 կմ (խոսքը ոչ թե ուղիղ երթուղու, այլ տեղի ունեցած, փաստացի թռիչքի մասին է): Իսկ ահա Ուլան Բատորից մինչև Ալմաթի ՀՀ պետական օդանավն, ըստ նույն աղբյուրի, անցել է մոտ 2430 կմ: Ալմաթի-Երեւան փաստացի թռիչքն էլ եղել է 2830 կմ:

Նշենք, որ այս թվերը ճշգրիտ չեն, քանի որ flightaware.com-ը թռիչքների որոշ հատվածներում չի կարողացել հետևել օդանավի շարժին և այդ հատվածներում երթուղին հաշվարկել է ամենակարճ ճանապարհով՝ ուղիղ գծով (նկարներում դրանք սպիտակ են): Բայց դա չի նշանակում, թե շեղումը մեծ է: Ամեն դեպքում, flightaware.com-ի համաձայն՝ Ուլան Բատոր-Ալմաթի-Երեւան թռիչքի ժամանակ օդանավն ընդհանուր անցել է 5260 կմ, այսինքն՝ ավելի կարճ, քան առանց վերալիցքավորման կարող էր անցնել կառավարական ինքնաթիռը:

Այս ֆոնին, նաեւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի լռությունը, պարզ չէ, թե ինչու է Airbus A319-ը վայրէջք կատարել Ալմաթիում:

Այսպիսով՝ պարզ չէ, թե ինչու է Օսակայից վերադառնալիս ՀՀ կառավարական ինքնաթիռը վերալիցքավորման նպատակով կանգառ կատարել ոչ թե Չինաստանի հյուսիսում գտնվող որեւէ քաղաքում, այլ օպտիմալ երթուղուց բավական հեռու ընկած Ուլան Բատորում, իսկ այնտեղից Երեւան թռչելիս եւս մեկ անգամ վայրէջք կատարել Ալմաթիում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը