Ներքին 1 տարի առաջ - 18:05 20-08-2025

Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված

Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից դիմում է ներկայացվել ԵԱՀԿ մասնակից պետություններին։

Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։

Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում։

Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։

Այս իրավունքը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13(2) հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) հոդվածում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի հետևյալ հիմնարար սկզբունքները՝
• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։
• Երկխոսության և բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից։
• Մեր ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։
Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին։

Մեր տեղահանությունը ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի և ռազմական հարձակման հետևանք էր, գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։

Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը խաղաղ, բանակցված կարգավորմանը, որը կապահովի անվտանգություն, ինքնորոշում և համակեցություն: Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը՝ առանց հավաստի և ներառական այլընտրանքի, արմատավորելու է անարդարությունը և խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու եւ նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության եւ սկզբունքայնության վրա։

Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։

Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։

Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից։

Աշոտ Դանիելյան,
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ,
Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և պատգամավորների անունից

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում