Ներքին 1 տարի առաջ - 13:50 18-06-2025

Երևան հասնելը դարձել է շքեղություն․ Ջրաշենում 5 ամիս է՝ տրանսպորտ չկա

Oragir.News-ն ահազանգ է ստացել Արարատի մարզի Ջրաշեն գյուղից։ Բնակիչների փոխանցմամբ՝ արդեն հունվար ամսից դադարել է գործել դեպի Երևան ուղևորափոխադրող երթուղայինը, որն ավելի քան 20 տարի սպասարկել է գյուղը։ Նախկինում գործող 200 դրամանոց ուղեվարձի փոխարեն, այժմ մարդիկ ստիպված են մեծ գումարներ ծախսել մայրաքաղաք հասնելու համար։

«Հունվարից արդեն երթուղայինը չկա։ Պահանջում ենք գոնե որևէ տրանսպորտ տրամադրել գյուղին, որ թե՛ աշխատողները, թե՛ ուսանողները, թե՛ մնացած բնակիչները կարողանան քաղաք գնալ։ Հիմա կամ տրանսպորտ ենք մի քանի անգամ փոխում, կամ տաքսիով գնում Նուբարաշեն կամ Մղչյան՝ մեր գյուղի մոտակա բնակավայրերը։ Բայց սա ամեն օր քաղաք գնացող մարդու համար ուղղակի ձեռնտու չէ։ Ասում են՝ խնդիրն այս պահին կապված է ճանապարհի վիճակի հետ։ Հիմա ծիրանի բերքահավաքի շրջանն է, և այն գազելը, որը գոնե մարդկանց Նուբարաշեն էր տեղափոխում, այլևս չի շահագործվում։ Մարդը պարզապես իր անձնական մեքենայով, որպես բարի կամքի դրսևորում, մարդկանց տեղափոխում էր»,- պատմում է Ջրաշենի բնակիչներից մեկը։

Նրա փոխանցմամբ՝ երթուղու դադարեցման հստակ պատճառը հայտնի չէ, սակայն տեղեկություն ունեն, որ վարորդին ասել են՝ պետք է նոր մեքենա գնի լիցենզիա ստանալու համար։

«Գիծը մասնավոր է եղել, ու հիմա էլ ասում են՝ ճանապարհի հետ է կապված, պետք է մրցույթ հայտարարեն։ Բայց եթե մրցույթը սեպտեմբերին է, մենք մինչ այդ ի՞նչ անենք։ Մարդիկ ստիպված են կամ տաքսիով կամ անձնական մեքենայով հասնել Նուբարաշեն, նոր այնտեղից գնալ Երևան։ Մինչդեռ նախկինում 200 դրամ էինք վճարում՝ ուղղակի մեր գյուղից քաղաք հասնելու համար։ Հիմա, եթե մի քանի հոգով միանան, տաքսին արժենում է 500 դրամ, իսկ եթե միայնակ գնաս, 2500 դրամ և ավելի։ Նուբարաշենից՝ 1000 դրամ։ Ստացվում է՝ աշխատավարձի կեսից ավելին գնում է ուղիղ ճանապարհի վրա։ Գյուղում վիճակը շատ վատ է, մարդիկ չեն կարողանում հասնել աշխատանքի, բայց այլ տարբերակ չունեն»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ջրաշենի վարչական ղեկավար Սարգիս Գրիգորյանի հետ։ Նա հաստատեց տեղեկությունը, նշելով․

«Տրանսպորտի խնդիր ունենք։ Դիմել ենք համապատասխան կառույցներին, բոլորն էլ հետաքրքրված են հարցով։ Մրցույթ պետք է հայտարարվի, որ երթևեկությունը վերականգնվի։ Նախկինում եղել է՝ շատ լավ աշխատել է Երևան-Նուբարաշեն գիծը՝ շուրջ 20 տարի։ Հիմա չի շահագործվում, որովհետև վարորդը հրաժարվել է շարունակել՝ ճանապարհի վատ վիճակի պատճառով։ Ոչ մի փոխադրամիջոց չկա, և մենք զրկվել ենք միակ տրանսպորտային հնարավորությունից։ Մարզպետարանը տեղյակ է։ Աշխատում ենք, որ հնարավորինս շուտ հարցը լուծվի, բայց, ինչպես ասում են՝ Մոսկվան էլ մի օրում չեն կառուցել»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Արարատի մարզպետարանի լրատվության վարչության հետ, որտեղ նշեցին, որ մարզպետարանի ենթակայությամբ այս խնդիրը չի լուծվում։ Քանի որ խոսքը վերաբերում է Երևան-Ջրաշեն երթուղուն, խորհուրդ տվեցին դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Սակայն ՏԿԵՆ-ը չպատասխանեց մեր զանգերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի