Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:34 07-04-2025

Արցախի թեման վերջնականապես փակելու՝ ՀՀ իշխանությունների գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել ՀՀ-ի համար

Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար։

Ասված է Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարության մեջ․
«ՀՀ իշխանությունները և, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրենց տոտալ ձախողումները և հանցավոր անգործությունը բարդել ուրիշների վրա:

Ապրիլի 5-ին լրատվամիջոցներից մեկին տրված ԱԳՆ մեկնաբանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ ՀՀ իշխանություններն, իբրև թե, առավելագույն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանության համար՝ ընդհուպ 2024թ. հունվար ամիսը, բայց այդ «առաքելությանը» խանգարել են Արցախի իշխանություններն՝ իրենց մերժողական պահվածքով և սեփական նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունը լուծարելով:

Փաստերի նենգափոխման գործելաոճը նորություն չէ այս իշխանությունների համար: Միանգամայն ակնհայտ է, որ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ և առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022թ. հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն էր՝ ներառյալ Արցախը:

Հիմա արդեն կարելի է վստահաբար արձանագրել, թե ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի հայտարարությունը՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» և ինչ աղետալի հետևանքներ այն ունեցավ Արցախի ժողովրդի համար:

Ինչ վերաբերվում է երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հավաստի տեղեկություններով այդ հանդիպման չեղարկումը պայմանավորված է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշտ կլինի, որ վերջապես խոսեն այդ գործի անմիջական պատասխանատուները:

Եթե խոսում ենք փաստերով, ապա առնվազն զարմանք է հարուցում, թե ՀՀ ԱԳՆ-ից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսված մեկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ադրբեջանական կողմն է հրաժարվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ինքնահեռացումը նշված բանակցային գործընթացից և միջազգային իրավունքի ոտնահարմամբ շրջափակման մեջ գտնվող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքյան պարարտ հող ստեղծեց Բաքվի առավելապաշտական և վերջնագրային դիրքորոշման համար:

Տարակուսանք է առաջացնում նաև իբրև թե Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի մեջբերումը, որի մասին պարբերաբար հիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել, և այն չէր կարող օրինական համարվել նախ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության իրավակարգավորումների տեսանկյունից և ապա՝ միջազգային իրավունքի լույսի ներքո՝ ուժի սպառնալիքի տակ պարտադրված լինելով:

Վերջապես, Ադրբեջանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման և էթնիկ զտման միջոցով, ինչն արձանագրվել է միջազգային կառույցների ու մի շարք պետությունների, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից:

Հայաստանի արտաքին գերատեսչությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման ուղղությամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտորեն հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից և, փաստորեն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագա պայքարը արդարության վերականգման համար:

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի և կեղծիքի վրա հիմնված մանիպուլյացիոն հայտարարությունները, որոնք համահունչ են Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների դեմ մոգոնվող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի