Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:26 07-04-2025

Ադրբեջանն օրակարգ է թելադրում Հայաստանում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ադրբեջանն օրակարգ է թելադրում Հայաստանում: Սահմանային կրակոցների եւ միեւույն ժամանակ իբրեւ թե Հայաստանից հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությունների նպատակներից մեկը դա է:

Մեզանում տարածված է համարել, որ այդօրինակ տեղեկատվական քաղաքականությունը սադրանքի նախապատրաստում-քողարկում է: Այո, հնարավոր է, բայց ամենեւին ոչ աներկբա:

Կրկնեմ, որպես կողմնորոշիչ դեռ երկու-երեք շաբաթ առաջ չափորոշիչ եմ դիտարկել բովանդակությունը: Եթե ադրբեջանական ապատեղելատվությունը չի պարունակում բովանդակային «տրանսֆորմացի» դեպի այսպես ասած տրամաչափի մեծացում, ուրեմն լուծվում է այլ խնդիր, քան սադրանքի քողարկումը:

Ժամանակի ընթացքում ավելի եմ հակվել այն մտքին, որ լուծվող խնդիրը Հայաստանին օրակարգ թելադրելն է: Եվ դա հաջողվում է, որովհետեւ բնականաբար բոլորի ուշադրությունը սեւեռվում է կրակոցների վրա, հրադադարի խախտման վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունների վրա, ու ըստ էության ներհասարակական-ներքաղաքական խոսույթում այդ հանգամանքը բնականորեն դառնում է մեկնակետայիններից մեկը:

Բնական է, որ այստեղ շատ բարդ վիճակ է, որովհետեւ մյուս կողմից շատ բարդ է, գրեթե անհնար է չնկատել եւ չլսել կրակոցները, նաեւ ադրբեջանական ապատեղեկատվության շարունակվող ալիքը:

Բայց, հարցն այստեղ այն չէ, որ դա չպետք է նկատել, որպեսզի խաթարվի Ադրբեջանի հաշվարկը: Գլխավոր հարցը թերեւս այն է, որ Հայաստանի ներհասարակական, ներքաղաքական խոսույթը պետք է կառուցվի այնպիսի բովանդակությամբ, օրակարգը պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որ Ադրբեջանի այդ քայլերը չլինեն խոսույթ ձեւավորելու տեսանկյունից մեկնակետային:

Որովհետեւ, Ադրբեջանն այդ գործիքը կիրառում է բավականին հմուտ, «համաչափ» յուղ լցնելով թե ընդդիմության, թե իշխանության «կրակների» վրա:

Սա իհարկե մեկ օրվա կամ ընդհանրապես կարճ ժամանակի խնդիր չէ: Ադրբեջանը օգտվում է Հայաստանում քաղաքական հարաբերությունների համակարգային բացերից, ներհասարակական եւ ներքաղաքական հարաբերությունների ծայրահեղ բեվեռացվածության եւ իրարամերժության միջավայրից:

Լուծումներն այստեղ միանվագ կամ կարճաժամկետ գործողությունների ենթակա չեն: Սա է առանցքային հարցերից մեկը, որը Բաքվին թույլ է տալիս Հայաստանի հանդեպ ընդհանուր առմամբ ունենալ ռազմա-քաղաքական շանտաժի եւ սոցիալ-հոգեբանական ճնշման աշխատող մեթոդաբանություն եւ մոդել»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը