Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:42 04-04-2025

Հակոբ Արշակյանը Վիետնամի ԱԺ փոխնախագահի հետ խոսել է խաղաղության պայմանագրից

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 4-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆընին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին: Նշենք, որ հյուրերը մեր երկրում են Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի այցի շրջանակում, տեղեկանում ենք ՀՀ ՍԺ-ից:

Ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Վիետնամի հետ մեր երկիրն ունի ջերմ երկխոսություն, որը շարունակական զարգացման միտում ունի: Նրա գնահատմամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` վերջերս կատարած այցը Վիետնամ եւ Վիետնամի ԱԺ նախագահի փոխադարձ այցը Հայաստան նոր հնարավորություններ են ստեղծում երկխոսության զարգացման համար:

Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմոլորտ կապերի խթանումը, խոսել ռազմարդյունաբերության ու պաշտպանության բնագավառներում գործակցության հնարավորությունների մասին: Նրա գնահատմամբ Վիետնամում անցկացված Defense Expo 2024 ցուցահանդեսին հայկական մասնակցությունը նույնպես համագործակցության ցուցիչ է: ԱԺ փոխնախագահը կարեւոր է համարել նաեւ վիետնամական ընկերությունների ներկայությունը մեր երկրում անցկացվող նմանատիպ միջոցառումներին:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացման ու օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի ստորագրումը եւ երկու պետությունների միջեւ ուղիղ ավիաչվերթների հաստատումն առանցքային նշանակություն կարող են ունենալ: Ֆինանսական ոլորտում փոխգործակցության մասով էլ նա առաջարկել է բանակցություններ սկսել կրկնակի հարկումից խուսափելուն առնչվող համաձայնագրի կնքման շուրջ: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կապերի զարգացումը կրթության բնագավառում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, փաստել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել փոխհամաձայնեցված փաստաթուղթը:

Վիետնամի Ազգային ժողովի փոխնախագահն իր հերթին արժեւորել է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, աջակցություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ճան Քուան Ֆընը եւս բարձր է գնահատել Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները, կարեւորել բազմաբեւեռ համագործակցության խորացումը: Անդրադարձ է եղել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության օրակարգերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամ Արուսյակ Մանավազյանն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր