Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:48 13-03-2025

Ռուբեն Վարդանյանը հացադուլը դադարեցրեց, բանակցություններն ավարտվեցին, ԵԽ կոշտ բանաձևը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 13-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է իր հացադուլը։ Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ: Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշել է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար, ցուցադրական դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր: Արցախի նախկին պետնախարարն ընդգծել է, որ վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: «Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի», - ասել է նա։

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Ադրբեջանցի դատախազները նրան մասնավորաբար հարցեր են ուղղել Ղարաբաղյան պատերազմին Ժիրայր Սեֆիլյանի մասնակցության մասին։ Հարցին՝ արդյոք տեղյա՞կ էր, որ Սեֆիլյանը ծնվել է Բեյրութում, Մանուկյանը պատասխանել է՝ գիտեր միայն, որ նա ժամանել է Արևմտյան Հայաստանից և Հայաստանի քաղաքացի է։ Նշենք, որ հայ պատանդների դատավարությունը Բաքվում շարունակվում է փակ դռների հետևում, միայն ադրբեջանական պետական ու պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայությամբ։

Ռուբեն Վարդայնանը հայտարարել է, որ «այսօր Բաքվում ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում։ «Դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից»,- ասել է նա և ընդգծել՝զարմացած է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից: «Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատիվ ապրել մեր հայրենիքում»,- հավելել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված այսպես կոչված տարածքային պահանջները, ինչպես նաև պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու «դրա մնացորդները» (ձևակերպումը Բայրամովինն է)։ Նշենք՝ երեկ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին խմբագրմանը: Արարատ Միրզոյանը չէր բացառել անգամ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը: Նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ, առայժմ պարզ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ