Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:45 12-03-2025

Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքը, Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը, երկրաշարժ՝ Երևանում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 12-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով դիզվառելիքի գործով ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել էր, նոր մեղադրանք է առաջադրվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնել է, որ ե րրորդ նախագահը մեղքը չի ընդունում: «Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոտքից գլուխ շինծու մեղադրանք է և շինծու քրեական հետապնդում»,- նշել է նա։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար կաշառք վերցնելու գործով։ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացվել է 2020 թվականին հարուցված գործով։ Հրապարակված ԱԺ որոշման նախագծի համաձայն ԱԺ-ն տալիս է համաձայնություն, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի և հերթական և արտահերթ նիստում: Ազգային ժողովի հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին:

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ «Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում», - ասված է հայտարարությանում։ Գերագույն հոգևոր խորհուրդը միևնույն ժամանակ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը, այդ թվում Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ հորդորով։ Նա ակտիվ գործողությունների կոչ է անում, այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակից պահանջելով Բաքվի իրենց գործընկերներին հորդորել ներկա գտնվել Վարդանյանի դատավարությանը: Թանդիլյանի առաջին պահանջը միջազգային ներկայությունն է Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, երկրորդը՝ հանրային պահանջ ներկայացնել կառավարությանը՝ ակտիվ զբաղվել գերիների ազատ արձակման գործով: Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր սկսել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։ Թանդիլյանը հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։ Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Օրերս էլ ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում Արցախում ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Վարդանյանը դարձյալ կեղծ էր որակել իր դատավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ