Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:52 17-02-2025

Մեղրիի փոխանակման ինտրիգը, Արցախ վերադարձի ճանապարհը, միջոցներ՝ չվճարողների դեմ. Ամփոփ լուրեր 

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 17-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Ավելի քան 2 տարվա դադարից հետո այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասուլիսը տևել է ուղիղ 4 ժամ։ Անդրադառնալով Մեղրին Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ բանակցություններ վարելու հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց՝ Մեղրիի թեման մշտապես փորձել են օգտագործել իր դեմ և վարկաբեկելու, կասկածներ առաջացնելու համար շարունակելու են օգտագործել։ Երկրորդ նախագահի խոսքով՝ իր համար կարևոր էր, որ Հեյդար Ալիևը հենց ինքը պատմեր իր մոտեցումների մասին համանախագահողներին, և ինքը թեման բացեր։ «Ես չէի հավատում նույնիսկ, որ ինքը դա քննարկում է, ասում էի՝ վաղը հրաժարվելու է, հետ է քաշվելու։ Ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում։ Ես շատ զգուշավոր էի, ես այնպես էի անում, որ թեման շարունակվի՝ առանց պարտավորությունների»,- ասաց նա։

Անդրադառնալով 2026-ի թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Քոչարյանն ասաց, որ դաշինքում չեն քննարկել ընտրություններին մասնակցության հարցը։ «Հիմա կասեմ իմ կարծիքը, որը դեռ դաշինքում քննարկված չէ․ իհարկե դաշինքը ծանրակշիռ մանակցություն է ունենալու բոլոր գործընթացներում՝ թե՛ լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե՛ լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է՝ ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել, պրագմատիկ ասելով՝ այն ֆորմատը, որն առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ», - ասաց Քոչարյանը։ Հարցին, թե ընտրություններով հնարավո՞ր է հաղթել Նիկոլ Փաշինյանին, Քոչարյանը պատասխանեց․ - «Իհարկե հնարավոր է հաղթել, և յուրաքանչյուրը կարող է այսօր մի վարկանիշ ունենալ, մյուս օրը ուրիշ վարկանիշ։ Այո՛, ես համարում եմ, որ կարելի է ընտրությունների միջոցով հաղթել»։

Չնայած Տիգրան Ավինյանը ուղիղ 1 շաբաթ առաջ տրանսպորտային բարեփոխումներն արդյունավետ ու արդարացված էր գնահատում, այսօր գործակարգավարական նիստի ժամանակ նա պնդեց, որ նոր սակագները բոյկոտող և չվճարող քաղաքացիները խոչընդոտում են տրանսպորտի զարգացմանը և ուզում են, որ եղած ավտոբուսների վիճակը վատթարանա, նոր տրոլեյբուսները չգնվեն, սպասված եկամուտները չհավաքագրվեն։ Տիգրան Ավինյանն իր սեղանին դրված թղթերում ստուգեց չհավաքագրված եկամտի չափը, բայց այդպես էլ չբարձրաձայնեց: Քաղաքապետարանը մինչև օրս չի հրապարակել՝ որքան գումար է հավաքագրվել փետրվարի 1-ից հետո, երբ տրանսպորտը թանկացավ, մինչդեռ հունվարին այդ թիվը պարբերաբար հրապարակվում էր: Ավինյանը նաև կարծում է, որ չվճարողների նկատմամբ կոնկրետ միջոցներ պետք է կիրառել։ «Արդարացումների ժամանակն էլ անցավ, որ մենք բոյկոտում ենք, ես առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառման», - հայտարարեց Ավինյանը:

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: «Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 94 հազար դրամ է»,- գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որի շրջանակներում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի շարք նոր խմբեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին