Ներքին 1 տարի առաջ - 20:03 10-02-2025

ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են Քաջարան կատարած այցը

Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները:

Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ:

ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի բնակիչների հետ:
Վերջիններս նշել են, որ ներկայում ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում, որտեղ պետք է մշակվեն ընկերության արտադրամասերից գոյացած թափոնները:

Ըստ բնակիչների՝ կառուցվող կայանը շատ մոտ է բնակելի շենքին և կարող է բացասական ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Նրանց պնդմամբ՝ Քաջարանում էապես բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը, կայանի հարակից, այդ թվում՝ բնակելի շենքի տարածքում գարշահոտություն է տարածվել: Հավելել են, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ նախաձեռնել են ստորագրահավաք:

Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ:
Այցի ընթացքում արձանագրվել է, որ կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ:

Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին վերջին շրջանում հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ խնդիրը համակարգային է, վերաբերելի է ոչ միայն կոմբինատի, այլև այլ կազմակերպությունների աշխատակիցներին:

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է շարունակական իրազեկման աշխատանքներ իրականացնի կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման և գործադուլի իրականացման օրենսդրորեն ամրագրված կառուցակարգերի վերաբերյալ:

Հարկ ենք համարում նաև նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր տարեկան հաղորդումներում անդրադարձել է գործադուլի իրավունքի իրացման խնդիրներին: Այսպես, օրինակ՝ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրել է, որ թեև գործադուլի իրավունքն ամրագրված է, սակայն դրա իրականացման կառուցակարգերը բավականին բարդ են, ինչի արդյունքում գործնականում հնարավոր չի լինում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ գործադուլ իրականացնել:

Գործադուլին առնչվող իրավակարգավորումների համատեքստում թեև որոշակի դրական փոփոխություններ 2023 թվականին իրականացվել են և նվազեցվել են գործադուլի իրականացմանը ներկայացվող պահանջները, սակայն դրանք բավարար չեն գործադուլի իրավունքի՝ միջազգային չափանիներին համապատասխան պատշաճ իրացման տեսանկյունից:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունում գործող իրավակարգավորումները չպետք է լինեն այնպիսին, որպեսզի գործնականում խոչընդոտեն գործադուլի միջոցով աշխատողների կողմից համապատասխան խնդիրների բարձրաձայնմանը, իսկ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն և լինեն հետևողական, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետում գտնվեն դրանց համակարգային լուծումները:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ