Կալանավորվելուց մոտ 20 օր անց բանտում մահացավ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ 46-ամյա Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում։
Ոմանք ենթադրում են, թե եթե նա քաղաքականություն չմտներ, ընտրապայքարի չմասնակցեր որպես համայնքապետի թեկնածու, ապա չէր կալանավորվի ու չէր մահանա։ Սա վտանգավոր ենթադրություն է, որը կարող է քաղաքացիներին վանել քաղաքական համակարգից։ Հաշվենկատ, խելացի մարդիկ, հավանաբար, կվախենան ներգրավվել ընտրապայքարում ընդդիմադիր ուժերի ցուցակով, քանի որ հետապնդման ենթարկվելու, կալանավորվելու և նույնիսկ մահվան ռիսկ կա։
Իսկ հնարավո՞ր է կանխել այսօրինակ ողբերգական դեպքերը։
Հայաստանի անկախության առաջին տարիներին պատգամավորի թեկնածուն օժտված էր անձեռնմխելիությամբ։ Ինչպես պատգամավորն էր անձեռնմխելի, այնպես էլ թեկնածուն։ Նրան կալանավորելուց առաջ անհրաժեշտ էր օրենսդիրների քվեարկությունը, որից առաջ մեղադրողը պետք է գար և հանգամանալից հիմնավորեր կալանքի անհրաժեշտությունը։ Այսինքն՝ թեկնածուին կալանավորելու պատասխանատվությունը պատգամավորների խղճին էր և այդքան հեշտ չէր։
Կարելի է այս նորմը վերականգնել՝ պատգամավորի թեկնածուին, ավագանու անդամի թեկնածուին օժտել անձեռնմխելիությամբ նախընտրական շրջանում և հետընտրական մեկ ամսում։ Այս պարագայում իրավապահը չի կարող հանիրավի կալանավորել թեկնածուին։ Քաղաքականության մեջ ներգրավվածն էլ չի վախենա, որ հանիրավի կկալանավորվի ու բանտում կմահանա, ինչպես Արսեն Գևորգյանը։
Այսպես հնարավոր կլինի չեզոքացնել բռնաճնշումները ընտրապայքարում ներգրավվածների նկատմամբ։ Իսկ մարդիկ քաղաքականությունից չեն վախենա։ Արդյունքում շնորհալի, խելացի, հաշվենկատ մարդիկ կներգրավվեն քաղաքական համակարգում, ինչից մեծապես կշահի պետությունը, քաղաքական պաշտոններում խելացի, ողջամիտ մարդիկ կհայտնվեն, որոնք ազնիվ կաշխատեն, սխալ, աղետաբեր որոշումներ չեն ընդունի, պետությանն ու ժողովրդին վնաս, կորուստ չեն պատճառի։
Սրանից զատ՝ ժամանակն է, որ քաղաքական ուժերը ողջամտորեն հրաժարվեն ռուսամետ դիրքորոշումից։ Թե՛ նախկինները, թե՛ ՔՊ-ական իշխանությունը ռուսամետ գործիչներին հալածել և հալածում են, պատճառաբանելով, որ նրանք գործում են ՀՀ անկախության դեմ, ժողովրդավարության դեմ, Արևմտյան քաղաքակրթության դեմ, սպասարկում են Ռուսաստանի հակաքաղաքակրթական, հակահայկական հետաքրքրությունները։ Սա հաշվի առնելով՝ միջազգային հանրությունն աչք է փակում ռուսամետ ընդդիմության հանդեպ բռնաճնշումների վրա։ Դրանից ՔՊ-ական իշխանությունը ոգևորվում է և ավելի բիրտ ճնշումներ կիրառում, որոնցից մեկը նոյեմբերի 10-ին ավարտվեց մարդկային ողբերգությամբ։
Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ռուսամետ ուժերի հետևորդներին հետապնդում են, քանի որ ռուսամետը կամա թե ակամա ՀՀ անկախության ու ժողովրդավարության դեմ է։ Իսկ եթե ռուսամետ ուժերը հրաժարվեն ռուսամետ կուրսից, այդպիսով, հավանաբար, զերծ կպահեն իրենց համակիրներին հանիրավի ճնշումներից, բանտերից, կխնայեն կյանքեր։
Այս հարցում նրանք կարող են օրինակ վերցնել ՀԺԿ-ից։ 2007-ի մարտին ՀԺԿ 5-րդ համագումարում Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն կատարում է կտրուկ շրջադարձ իր գաղափարախոսության մեջ։ Նա շեշտեց, որ Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքին ինտեգրվելու մեջ է, և երկիրը պետք է որդեգրի եվրոպական արժեքներն ու ժողովրդավարական չափանիշները՝ հեռանալով նախկին ռուսամետ կողմնորոշումից։ Մերօրյա ռուսամետները Դեմիրճյանից խելացի՞ են։
Կարճ ասած՝ քաղաքական համայնքը ցանկության պարագայում կարող է ավագանու, պատգամավորի թեկնածուներին անձեռնմխելիությամբ օժտելու նախաձեռնությամբ հանդես գալ ու սկզբունքորեն հրաժարվել ռուսամետությունից, որ քաղաքական գործիչը չմահանա բանտում, չհամեմատենք ՔՊ-ին մարդակեր ռեժիմների հետ և չհիշենք խորհրդային բռնազավթման տարիները, երբ բանտերում զոհվում էին անկախության և ժողովրդավարության նվիրյալները։
Թաթուլ Մկրտչյան