Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:00 06-02-2025

Հավատ չներշնող և ոչ մրցակցային․ հետադարձ հայացք՝ Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանում հունվարի 29-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք աչքի ընկան մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշով։ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջովը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է 1 մլն 874․810 մարդ, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցողների 31․45 տոկոսը, սակայն անկախ դիտորդները կասկածի տակ են դնում այս ցուցանիշը՝ պնդելով՝ մասնակցության իրական մակարդակը չի գերազանցել 10 տոկոսը։

Մյուս կողմից՝ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ընտրախախտումներով ու կեղծիքներով, ինչի մասին բարձրաձայնել են տեղական անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները։ Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ Բաքվի Նասիմիի շրջանի տեղամասերից մեկում լցոնման դեպք է արձանագրվել, իսկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեղեկություններով՝ Բաքվի մի շարք տեղամասերում նաև «կարուսելի» դեպքեր են արձանագրվել։

Փաստացի Ադրբեջանում կայացած ընտրությունները չափազանց հեռու էին ժողովրդավարական չափանիշներից։ Ընտրություններին հետևել են բացառապես տեղացի դիտորդները, իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչներին Ադրբեջանի իշխանություններն առհասարակ քվեարկության ընթացքը դիտարկելու հրավեր չէին ուղարկել։

Ընտրություններում ընդհանուր 8071 տեղի համար պայքարում էին 16096 թեկնածուներ, որոնց կեսից ավելին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներն էին, և հիմնականում հենց նրանք էլ հաղթել են։ Արդեն փետրվարի 3-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Իմիշլիի շրջանի վեց ընտրատեղամասերում անցկացված քվերակության արդյունքները, քանի որ դրանք, ըստ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի եզրակացության, ազատ ու արդար չեն եղել, ինչպես նաև չեն արտահայտել ժողովրդի կամքը։

Տարբեր ընտրատեղամասերում արձանագրվել են նաև կրկնաքվեարկության և լցոնման դեպքեր։ «Մուսավաթ»-ի ներկայացուցիչները, դիտորդները, ովքեր ընտրատեղամասերում նկարահանումներ են իրականացրել, ենթարկվել են ճնշումների, իսկ կուսակցության 30 թեկնածուներից ոչ մեկին քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի տրվել, ինչը երկում գործող օրենսդրության կոպտագույն խախտում է։

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը առհասարակ չի մասնակցել ընտրություններին՝ հայտարարելով, որ երկրում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման համար պայմաններ չկան։ Դատարանը 30-օրյա կալանքի է դատապարտել այս կուսակցության ակտիվիստ Ջալալ Ջավադովին, ով կալանավորվել էր հունվարի 30-ին։ Նա մեղադրվում է թմրանյութ պահելու մեջ, սակայն նրա հարազատները հերքում են մեղադրանքը՝ պնդելով, որ նա պատժվում է Meydan TV-ի ձերբակալված աշխատակիցների լուսանկարը քվետուփը նետելու համար։

Այսպիսով՝ չնայած Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի, իսկ ավելի ուշ արդեն հայկական երկրորդ հանրապետության տարածքի լիակատար բռնազավթումից ու հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարկանիշը երկրում զգալիորեն աճել է, այնուամենայնիվ երկրում շարունակում են տիրել ավտորիտար կարգեր, իսկ ընտրական գործընթացներն էլ ձևական բնույթ կրել։ Փաստացի՝ Ադրբեջանի բնակչությունը և ընդդիմադիր քաղաքական ուժերն առանձնապես հետաքրքրված չեն ընտրական գործընթացներով, քանի որ դրանք ըստ էության անցնում են զանգվածային ընտրախախտումների ու բռնաճնշումների պայմաններում, իսկ ելքը մեծ հաշվով կանխորոշված է․ հիմնականում հաղթում են իշխանական թեկնածուները կամ էլ նրանք, ովքեր վայելում են կենտրոնական իշխանությունների մասնավորապես՝ նախագահ Իլհալ Ալիևի անվերապահ աջակցությունը։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա վերջիններս, ելնելով սեփական շահերից ու Ադրբեջանի հետ կնքված նավթագազային պայմանագրերի կարևորությունից, շարունակում են աչք փակել արձանագրված թերությունների վրա, խուսափում են դրանք ոչ ազատ և թափանցիկ որակել։ Ուշագրավ է, որ հարևան Վրաստանի դեպքում, որտեղ կայացած վերջին ընտրությունների խախտումներն Ադրբեջանում արձանագրված խախտումների հետ անգամ համեմատելի չէին, արձագանքը բոլորովին այլ էր․ եվրոպացի պաշտոնյաներից ու եվրոպական կառույցներից շատ շատերը առ այսօր հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները, պահանջում նոր ընտրություններ անցկացնել։ Այս իրողությունը պարբերաբար բողոքի ակցիաների և ընդվզումների պատճառ է դառնում, սակայն երկրի իշխանություններին ընդհանուր առմամ հաջողվում է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ