Ներքին 1 տարի առաջ - 22:14 14-01-2025

Երևանի թվային փոխակերպումը ձախողվում է․ խոստացված հարթակը 2024-ին չի ստեղծվել

Երևանի զարգացման 2024-2028 թվականների ծրագրում նշվում է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման շրջանակներում պետք է քաղաքաշինական թույլտվությունների բիզնես պրոցեսների ավտոմատացման հարթակ ստեղծվի, ինչը փաստացի տեղի չի ունեցել։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում ևս մեզ չհաջողվեց հարթակի մասին որևէ տեղեկություն գտնել, ուստի պարզաբանում ստանալու նպատակով Օragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

«Քաղաքաշինական փաստաթղթերի հետ կապված գործընթացները Երևան քաղաքում, ինչպես նաև ամբողջ հանրապետության տարածքում, իրականացվում է կոնկրետ մեկ հարթակի միջոցով և դրա մասին տեղեկատվություն տրամադրել ենք և՛ մենք, և՛ Քաղաքաշինության կոմիտեն։ 2000 թվականից կառուցապատման թույլտվությունների ստացման առնչվող գործընթացը իրականացվում է e-gov.am կայքի միջոցով»,- ասաց Կոստանյանը։

Վերջինս այլ մանրամասներ ստանալու համար մեզ առաջարկեց կապ հաստատել Քաղաքաշինության կոմիտեի հետ։

Oragir.News-ը կապ հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի մամուլի քարտուղար Գայանե Ավագյանի հետ․

«Խոսքը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի մասին է, որ ստեղծված է և գործում է։ ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 1985-Ն որոշման և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 26-ի ՀՕ-233-Ն օրենքի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2024 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրոնային համակարգը գործարկվել էր Հայաստանի 4 մարզերում․ Կոտայք, Արարատ, Արմավիր և Լոռի։ Այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ նախագծման թույլտվությունը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները և առնչվող գործընթացներն իրականացվում են այդ հարթակով։ Հարթակին միացած են պետական, համայնքային և մատակարար կազմակերպությունները։ Ողջ ընթացքին կառուցապատող կազմակերպությունը կամ քաղաքացին կարող է հետևել համակարգով։ Թվայնացման շնորհիվ ապահովվում է գործընթացների թափանցիկությունը, հետագծելիությունը»,- ասաց Ավագյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ հաճախ շփոթում են՝ կարծելով, թե կոմիտեն է թույլտվություններ տրամադրում։ «Գործընթացները տեղափոխվել են թվային հարթակ, բայց ընթացակարգը նույնն է մնացել։ Այսինքն՝ բոլոր տեսակի կառուցապատման թույլտվությունները համայնքներն են տալիս։ Պարզապես Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ծրագրավորող կազմակերպության կողմից այդ հարթակը ստեղծվել է և տրամադրվել համայնքներին։ Ընթացքում կազմակերպվել են դասընթացներ համայնքների մասնագետների, նախագծողների, մատակարար ընկերությունների և բոլոր շահառուների համար։ Նաև շարունակվում են խորհրդատվական հանդիպումները համակարգից օգտվողների հարցերի դեպքում ինչպես կոմիտեում, այնպես էլ ծրագրավորող ընկերության գրասենյակում»,- նշեց նա։

Նշենք՝ urban.e-gov.am կայքը քաղաքաշինական թույլտվությունների բիզնես պրոցեսների ավտոմատացման հարթակ չէ, քանի որ այն ստեղծվել է 2022 թվականին, և եթե նման հարթակ գոյություն ունենար, ապա դրա ստեղծումը չէր ընդգրկվի Երևանի զարգացման 2024-2028 թվականների ծրագրում, որն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին։ Այսպիսով՝ փաստացի Երևանի թվային փոխակերպման գործընթացը ձախողվում է և հարթակը, որը պետք է ներդրվեր 2024 թվականին, առ այս պահը չի ներդրվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի