Ներքին 1 տարի առաջ - 10:21 04-01-2025

Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, նշանակում է՝ ապրողների մեջ հերոսներ չկան․ Նիկոլ Փաշինյան

Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, մյուսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ մյուսները սովորական վարաքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար: Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհվածն է: Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են:

Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան: Այս ընկալումից է բխում հուսահատության տեսությունը. եթե լավագույնները, հերոսները, այլեւս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապես իմաստավորված եւ բարոյական ապրելու հանրային կամ հանրության որեւէ անդամի ձգտումը: Վերոնշյալ ընկալումը կարող է նշանակել նաեւ, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլեւս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ, որտեղ զոհերը կլինեն անխուսափելի եւ մենք «հանգիստ խղճով» կլրացնենք հերոսների մեր պանթեոնը: Սա հասկանալիորեն սխալ, անընդունելի եւ կործանման ճանապարհ է եւ այս ճանապարհից ետ կանգնելու համար պետք է հերոսության ընկալումը մոտեցնել սովորական մարդուն, առօրյա, սովորական կյանքին:

Պետք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթության, ստեղծագործության մեջ, ամենօրյա վարքով ու գործելակերպով: Առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձեւեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը եւ այլն. հազարավոր դեպքեր կարելի է նշել: Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է եւ առօրյայի հերոսականացումը, որ հերոսությունը դառնա հանրամատչելի, հասանելի յուրաքանչյուրին, որ հերոսությունը լինի համատեղելի կյանքի հետ:

Իսկ ու՞ր մնաց հայրենիքի՝ պետության պաշտպանությունը: Ուժեղացավ. որովհետեւ երբ հերոսականությունը ոչ թե ուրիշ, առանձնահատուկ մարդկանցն է, այլ բոլորինս՝ բանակից փախնելը կլինի ամոթ եւ ոչ թե մի լուռ բայց տարածված «լեգիտիմությամբ» պարուրված՝ թե բա «մենք հո հերո՞ս չենք. հերոսներն առանձնահատուկ մարդիկ են, որոնք Եռաբլուրում են: Ես Եռաբլուրում չեմ, ինձնից ի՞նչ հերոս: Դրա համար խնդրում եմ ինձ ու իմ զավակներին զրկեք ՀՀ քաղաքացիությունից, որ բանակ չգնանք. ես ու՞ր, հերոսությունն ուր»: Ոչ, հերոսը ուրիշը չէ, հերոսը դու՛ ես, ու ես ու դու պետք է հերոսանանք կրթության, աշխատանքի, օրինապահության, ապրելակերպի, գործելակերպի մեջ: Հույս ունենք հայրենիքի համար զոհվելու կարիք չի լինի, բայց եթե լինի, այո՛, պիտի նաեւ զոհվենք հայրենիքի համար ու երբ ապրելու մեջ արդեն հերոսացել ենք, չենք մտածի, թե հերոսը ես չեմ, հերոսությունը հեռու է, ուրիշի եւ ոչ թե իմ անելիքն է:

Ու այս պարագայում իմ/քո զոհվելու պատրաստակամությունը կլինի ոչ թե հերոսանալու, այլ իմ/քո ապրած հերոսությունը պաշտպանելու համար ու այս փաստի բերումով պաշտպանելը կլինի խորը գիտակցություն, պաշտպանությունը կլինի ավելի արդյունավետ, որովհետեւ չի լինի քիչ հերոսների ուսերին դրված անտանելի բեռ: Ու երբ խաղաղ կյանքում հերոսացած կլինես/կլինեմ/կլինենք, խաղաղությունը պաշտպանելը կնույնականացնես հայրենիքդ՝ պետությունդ պաշտպանելու հետ եւ ոչ թե հերոսանալու միակ տարբերակը կլինի պատերազմելն ու զոհվելը, այն ընկալմամբ, թե խաղաղության ու ապրելու մեջ ոչ մի հերոսական բան չկա: Խաղաղության ու ապրելու մեջ կան հերոսական բազմաթիվ բաներ ու դա նախ պետք է իմանալ ապա եւ պետք է իրագործել: Սա է հերոսությունը առօրեականացնելու եւ առօրյան հերոսականացնելու իմ թեզը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում