Մամուլ 1 տարի առաջ - 07:50 25-12-2024

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել։

Ստացվում է, որ Ջուլհակյանը փայլուն կենսագրական տվյալներ չուներ, որպեսզի կարողանար հասնել նախարարի աթոռին, դրա համար իր թիմը մերժեց Ջուլհակյանի՝ նախարար դառնալու հեռանկարը, սակայն իրավաբանական ֆակուլտետում սովորելու մասին մեկ տողը նրան բերեց ՀՀ ամենաանկախ մամինը ձեւավորելու Հանձնաժողով։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը:

Ջուլհակյանը ո՛չ անշարժ գույք, ո՛չ շարժական գույք չի հայտարարագրել։ Համաձայն 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 մլն 292 հազար դրամ եւ 856 դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 2 մլն դրամով։ 2022 թվականին հայտարարագրված կանխիկ 9 հազար դոլարը 2023 թվականին նվազել է 2 հազար դոլարով՝ դառնալով 7 հազար դոլար։

Արուսյակ Ջուլհակյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, ինչը նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել է գրեթե 11 մլն դրամով։ 21 մլն դրամից 10 մլն 482 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, եկամուտների զգալի մասը վարկ է, եւ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսի ու այլ հատուցման եկամուտ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 933 հազար դրամ, որը ձեւակերպվել է կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանի եւ ավտոկայանատեղու ձեռքբերման համար, որի համար էլ Ջուլհակյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մարման համար է։

ArmLur.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արուսյակ Ջուլհակյանի հայտնվելը պատահական չէ, քանի որ Ջուլհակյանը եւ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մտերիմ ընկերուհիներ են։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» միակ նպատակը Արուսյակ Ջուլհակյանին Հանձնաժողովի նախագահ դարձնելն է: Արուսյակ Ջուլհակյանին էլ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու միակ նպատակը իշխանության կոռուպցիոն գործերը թաքցնելն է, քանի որ վերջերս մեղադրանքները, որ ՔՊ-ականները թաթախված են կոռուպցիայի մեջ, անասելի շատացել են. նրանց «մաքրել» է պետք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը